Եթե գնահատենք Հայաստանի արդյունավետությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում հինգ բալանոց սանդղակով, միանշանակ, Հայաստանի կատարած աշխատանքը հինգ բալ է գնահատվում՝ գերազանց։
Այս մասին ասաց Բելառուսի նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար Սերգեյ Սիդորսկին՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե համաձա՞յն է Հայաստանում քաղաքագիտական, քաղաքական որոշ շրջանակների կողմից հնչող տեսակետների հետ, որ անդամակցությունը ԵՏՄ-ին Հայաստանին ոչինչ չտվեց։
«Հայաստանն իր պատվավոր տեղն ունի ԵՏՄ-ում, ես կարող եմ ձեզ վստահեցնել։ Ես ուշադիր հետևում եմ ԵՏՄ անդամ-պետությունների տնտեսական բոլոր զարգացումներին ու կարող եմ ասել, որ Հայաստանը բավական հաջորդ է մեկնարկել իր գործունեությունը։ Եթե նայենք հենց ագրարային հատվածը, արդյունաբերությունը, Հայաստանը վերջն երկու տարիներին բավական խոշորացրել է իր ներքին շուկան, արտադրությունը, ինչի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են»,- նշեց Սիդորսկին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարն ասաց, որ Հայաստանը գյուղմթերքների արտահանման ցուցանիշներով առաջինն է ողջ ԵՏՄ տարածքում, ինչը ՀՀ կառավարության ծրագրային քաղաքականության արդյունք է։
Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա Սերգեյ Սիդորսկին եղածը գնահատեց բավարար՝ ասելով, որ Հայաստանն ունի ապագա այս ոլորտում։
Բելառուսի նախկին վարչապետը շեշտեց՝ առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանը որպես ԵՏՄ անդամ պիտի անի ավելին, քան մյուս պետությունները, որովհետև ԵՏՄ Կոլեգիան նախագահում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ստանձնել է ոչ հեշտ գործ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։
«Կան մի շարք խոչընդոտներ, ու մենք պատրաստակամ ենք հաղթահարել դրանք։ Ձեր նախարարին են տրվել այս խոչընդոտները հաղթահարելու աշխատանքները, իսկ սա բարդ գործընթաց է։ Տնտեսությունը պիտի լինի առանց խոչընդոտների, ուստի սա կարևորագույն պահ է»,- ասաց Սիդորսկին։
Հարցին՝ Հայաստանի արդյունաբերության զարգացման վրա չի՞ ազդում հանգամանքը, որ ՀՀ-ում գազի, էլեկտրաէներգիայի գինը թանկ է, Բելառուսի նախկին վարչապետը դրական պատասխան տվեց։
Ճշտող հարցին՝ ինչո՞ւ այդ դեպքում Հայաստանում գազի ռուսական գազի գնին համապատասխան չէ, ինչո՞ւ է այսպիսով խոչընդոտվում զարգացումը, Սիդորսկին արձագանքեց այսպես. «Իսկ ինչո՞ւ պետք է լինի նույնը։ Դուք համեմատում եք Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանի տնտեսության հետ։ Հայաստանը ստանում է ամենաէժան գազը ամբողջ Եվրասիական տնտեսական միության տարածքում։ Որքանով ինձ հայտնի է, հիմա ակտիվ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև, որ գինը նվազի։ Մեր հանձնաժողովն էլ աշխատում է այս ուղղությամբ, կարծում եմ, կհաջողվի...»։
Նա հավաստիացրեց, որ Բելառուսում ու Հայաստանում գազի գներն իրարից գրեթե չեն տարբերվում. «Համարյա նույն գինն է, Ղազախստանում գինը թանկ է օրինակ։ Հայաստանը այլ հարցերում օրինակ առավելություն ունի, դուք շատ արև ունեք, դուք գյուղմթերքի աճեցման լրիվ այլ մշակույթ ունեք։ Ռուսաստանում եթե ջերմոց տեղադրես, ասենք՝ Ուրալում, այնտեղ արև չկա, գազի ու էներգիայի վրա շատ գումար կծախսվի, իսկ դուք շատ արև ունեք, արևը փոխարինում է էներգիայի արժեքը, որը մենք վճարում ենք գազի, էլեկտրաէներգիայի դիմաց»։
Որպես առավելություն նախկին վարչապետը ասաց նաև, որ Հայաստանում արտադրությունն էլ էժան է, որովհետև նշյալ նախադրյալների շնորհիվ հեշտ է ստացվում. «Ձեր լոլիկը, վարունգը ավելի էժան է, քան բելառուսինը, մրցունակ է»։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/29/sidorski/1977406
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



