2016 թ. մարտի 29-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8,25%: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ըստ հաղորդագրության, 2016 թ. փետրվարին արձանագրվել է 1,4 % գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,1%-ի դիմաց: Արդյունքում, 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է -1.7%: Ամսվա ընթացքում արձանագրված գնանկումը գերազանցապես պայմանավորվել է ներմուծված պարենային ապրանքների գների նվազմամբ:
Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները և միջազգային ապրանքային շուկաներում ձևավորված գնանկումային միջավայրը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին ներքին գների վրա կպահպանվի արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունը: