Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բանտից ազատ արձակված իրավապաշտպան, «Իրավական կրթության հասարակություն» կազմակերպության ղեկավար Ինթիգամ Ալիևը մտադիր է շարունակել իր իրավապաշտպան գործունեությունը: Այս մասին նա հայտարարել է մարտի 28-ի երեկոյան լրագրողների հետ զրույցում:
Իրավապաշտպանն ընդգծել է, որ, բնականաբար, ուրախ է ազատության մեջ հայտնվելու համար, սակայն տխուր է, որ իր ընկերներից դեռ շատերը գտնվում են բանտարկության մեջ:
«Հաճույքով իմ ազատությունը կփոխանակեի նրանց ազատության հետ»,- ասել է Ալիևը՝ լավատեսություն հայտնելով Ադրբեջանի ժողովրդավարական ապագայի վերաբերյալ:
«Ընդհանուր առմամբ գործընթացներն ընթանում են: Ես համոզված եմ, որ շուտով ազատության մեջ կհայտնվեն նաև մեր ընկերները: Շատ շուտով ազատ կդառնա նաև Ադրբեջանը: Ես չեմ կասկածում դրանում: Չնայած այդօրինակ բռնություններին, ճնշումներին՝ ադրբեջանական հասարակությունը շարունակում է ազատության, ժողովրդավարության համար պայքարը: Դա մեզ հույս է տալիս»,- ասել է իրավապաշտպանը:
Ինթիգամ Ալիևը երեկ բանտից ազատ է արձակվել Գերագույն դատարանի որոշմամբ, ըստ որի՝ նրա 7.5-ամյա կալանավորման ժամկետը փոխարինվել է հնգամյա պայմանական ազատազրկման ժամկետով:



