Tert.am-ը գրում է.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը Tert.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ եթե Հայաստանը լիներ անկախ և ինքնիշխան պետություն, ներկա աշխարհաքաղաքական զարգացումները Հայաստանի համար  լավ հնարավորություններ կլինեին:  «Եթե Հայաստանում իշխանությունների լեգիտիմության մասն ավելի բարձր լիներ, կամ եթե մենք չունենայինք այդքան ռուսամետ իշխանական էլիտա,  հնարավոր է, որ Հայաստանում կլիներ ավելի լավ հնարավորություններ»,-ասաց նա: Խոսելով Հայաստանի և ԵՄ-ի միջև բանակցվող պայմանագրից, Սեդրակյանը նշեց, որ փաստաթուղթը կարող է  լինել շանս Հայաստանում հետագայում  արտաքին ավելի բարենպաստ պայմանների մեջ գործելու և խորացնելու ԵՄ-ՀՀ հարաբերությունները: «Կարող ենք սպասել միայն մեկ բան, տեսլական, որ կորած չէ հեռանկարը Եվրոպա-Հայաստան համագործակցության»,-ասաց նա:

-Տիկին Սեդրակյան, մի առիթով ներկա աշխարհաքաղաքական զարգացումները Հայաստանի համար  լավ հնարավորություններ եք որակել: Իսկապես կարծո՞ւմ եք Հայաստանն ունի լայն մանևրելու հնարավորություններ, որից չի օգտվում:

-Իհարկե, եթե Հայաստանը լիներ անկախ և ինքնիշխան պետություն, նա ոչ թե  ուներ մանևրելու հնարավորություն, այլ ուներ նորմալ, բալանսավորված,  հաշվեկշռված տնտեսական և  դիվանագիտական  կապեր կերտելու հնարավորություններ: Ունի տնտեսական  ծրագրերից դուրս չմնալու հնարավորություններ, այն է՝ Իրանի գազատար, ատոմակայանի բլոկ, երկաթուղի, բայց Հայաստանը ոչ իր կամքով, թեև ստացվում է հենց իր կամքով,  հրաժարվում է բոլոր այդ տնտեսական ծրագրերից, որոնք կարող են նպաստել նրա տնտեսական վիճակի  բարելավմանը: Այնպես որ, հնարավորություններ միանշանակ առկա են, բայց որ այդ հնարավորությունները չեն  օգտագործվում՝ պարզ է։

-Իսկ չօգտագործելը օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ  պատճառներով է:

-Մասամբ այդ պատճառները օբյեկտիվ են, որովհետև ես կարծում եմ, որ եթե Հայաստանում իշխանությունների լեգիտիմության մասն ավելի բարձր լիներ, կամ եթե մենք չունենայիք այդքան ռուսամետ իշխանական էլիտա,  հնարավոր է, որ Հայաստանում կլիներ ավելի լավ հնարավորություններ: Ես չեմ ասում, որ դա  կլիներ լիարժեք ինքնիշխանություն,  կամ լիարժեք գործողությունների ազատություն, բայց միևնույնն է, այդ համատեքստը  հուշում է մեզ, որ  Հայաստանը զիջել է այնքան, որ չպետք է զիջեր: Հնարավորություն կար պահպանել.  այնուամենայնիվ, անկախ գործելու իրավունքից, թեկուզ փոքր:

-Տիկին Սեդրակյան, խոսում եք ավելի շատ ռուսամետության մասին, բայց գնահատելով  հարևան Վրաստանի կամ թեկուզ Ուկրաինայի տարբերակը, այնտեղ էլ միանշանակ հաջողված տարբերակ չենք կարող դիտարկել՝ հաշվի առնելով, թե իրենց դեպի Եվրոպա կողմնորոշումը ինչ գին ունեցով՝ տարածքներ կորցնելու, իսկ մենք ԼՂ խնդիր ունենք:  Այս համատեքստում, մենք հաջող բանակցություններ ենք տանում նաև ԵՄ-ի հետ: Հիմա այդ ամենը գումարելով կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը որոշ առումով նույնիսկ բալանսավորված է:

-Ոչ, ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը  անտեսում է ինքնիշխան երկրի պետական շահերը և գնում է  ռուսական շահերի գերակայության համար: Ինչ վերաբերում է  Վրաստանին և Ուկրաինային, ի տարբերություն այդ երկրների, մենք այն վիճակում ենք, երբ ժողովուրդն ինքն ուզում է անջատվել պառակտողական տրամադրությունից: Ուզում եմ հիշեցնել թե՛ Ղրիմի տարածքում, թե՛ Օսեթիայի  և Աբխզիայի տարածքում կային մարդիկ, որոնք չէին ուզում միանալ Ուկրաինայի կամ Վրաստանի հետ և սուվերենություն հաստատել: Ղարաբաղում բնակչության ճնշող մեծամասնությունը հենց ուզում էր  անջատվել Ադրբեջանից, ոչ թե Հայաստանը բռնի նրանց բռնակցել է, այսինքն՝ կա միջազգային ինքնորոշման իրավունքի նախադեպ և Ղարաբաղը մտնում է այդ ազգի ինքնորոշման միջազգային նախադեպի մեջ, դրա համար խոսել, որ դա իդենտիկ դեպքեր են, որ Ղարաբաղն ու Ղրիմը նույն է, այդպես չէ: Մենք Ղարաբաղում ունեցել ենք ժողովրդի միասնական կամք, որն ամրագրվել է օրենսդրորեն՝ առանց որևէ  կեղծ ռեֆերենդումների, դա եղել է ինքնաբուխ կամարտահայտություն, որը պետք է հարգվի:


-Կարծո՞ւմ եք նման  կամարտահայտությունը դեր կունենա ԼՂ դեպքում, եթե խնդիր դրվի ռուսական վերահսկման դաշտից դուրս գալու որոշում կայացնել:

-Ռուսաստանը չի կարող անմիջական ռազմական դինսպանսիա ենթարկի Ղարբաղում, մի պարզ պատճառով, որ Ռուսաստանն է Հայաստանի սահմանին ներկա գտնվող գործոնը և նա չի կարող իր սեփական  սահմանի վրա հարձակում իրականացնել: Բայց պետք է հաշվի առնել մեկ ուրիշ բան, այո Ռուսաստանը կարող է  դրդել, պրովոկացիայի ենթարկել ու զինել Ադրբեջանին, բայց դրա հետ մեկտեղ պետք  է հաշվի առնել այն փաստը, որ ռուսական պրովոկատիվ ագրեսիաններին մենք արդեն ծանոթ ենք  և կարող ենք հակակշիռեր մշակել, եթե ունենք քաղաքական կամք: Բայց խոսել,  որ Ռուսաստանն անմիջական զորամիվորումներով կգործի սահմանին, դա, իհարկե, չի կարող լինել:

- Տիկին Սեդրակյան, իսկ ի՞նչ կարող ենք սպասել Հայաստանի և ԵՄ-ի միջև բանակցվող պայմանագրից : Ի՞նչ կտա փաստաթուղթը։ Կարծո՞ւմ եք դրանով որոշակի չափով կբալանսավորի ռուսական ազդեցությունը:

-Ոչ, այդ փաստաթուղթը կարող է  լինել ընդամենը շանս Հայաստանում հետագայում  արտաքին, ավելի բարենպաստ պայմանների մեջ գործել, խորացնել ԵՄ-ՀՀ հարաբերությունները: Կարող ենք սպասել միայն մեկ բան, տեսլական, որ կորած չէ հեռանկարը Եվրոպա-Հայաստան համագործակցության: Դա այդքան էլ փաստացի  հեռանկար չէ, բայց Հայաստանի իշխանություններն ունեն իրենց շահը, դա Եվրոպայից  տրվող օգնությունն է, բայց ՀՀ-ի ժողովուրդն ունի  իր շահը՝ ՀՀ-ի ինքնության պատկանելիության խնդիրն է, այսինքն՝ մենք պատկանում ենք Եվրոպական ինքնությանը, մենք մեր ինքնությամբ եվրոպացի ենք և պետք է վերադառնանք այնտեղ, որտեղից եկել ենք:

-Բայց նույն մեր եվրոպացի գործընկների գնահատականներն էլ ՀՀ-ում մարդու իրավունքների, ընտրությունների անցկացման  հարցում այդքան էլ միանշանակ չեն, չափազանց զուսպ են և  խոսում են  առաջընթացի մասին:

-Առաջընթաց գուցե և ֆորմալ կա, իսկ ֆորմալ առաջընթացի արձանագրելը եվրոպական բյուրոկրատիայի  պարտադիր համամասնությունն է: Տեսեք մեզ մոտ մի քայլ առաջընթաց կա, ԵՄ-ն դա ուրախությամբ արձանագրում է, ցույց  տալու համար, որ իր ֆինանսական դոնորությունը  հաջողություն է հասել: Բայց պետք է հասկանալ, որ մենք ենք տերը մեր երկրի:

-Ինչի՞ մասին նաև Նախագահն էր խոսում…

-Գիտեք ինչ կա, երբ Սերժ Սարգսյանն այդ մասին ասում է , փաստացի գուցե այո, Հայաստանի ՀՀԿ-ական էլիտան է տնօրինում,  ես Սերժ Սարգսյանի դիրքերից չեմ ասում, ես ասում եմ Հայաստանի հասարակության դիրքերից, ասում եմ, որ  մենք պետք է լինենք տերը մեր երկրի, մենք պետք է տեր կանգնենք մեր երկրի իրական պրոբլեմներին:

-Իսկ այդ հարցում գոնե դուք առաջընթաց նկատո՞ւմ եք:

-Այո, միանշանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել