Razm.info-ը գրում է.
Մարտի 28-ին Մինսկում անցկացվել է ԱՊՀ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը համատեղ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Բելառուսի ԶՈւ ԳՇ պետը: Այս մասին մարտի 28-ին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը:
Փաստացի՝ նիստին մասնակցել են ՀԱՊԿ 6 պետությունների և Ադրբեջանի պատվիրակությունները։
Զինվորականները քննարկել են ԱՊՀ շրջանակներում հետագա համագործակցությանը վերաբերող հարցերը և խնդիրները, հաստատել առաջիկա հինգ տարվա համագործակցության և զարգացման հայեցակարգը:
Նիստը նախագահած ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ կողմերը քննարկել են նաև 2016-ի ամռանը Ռուսաստանում և առաջին անգամ նաև Ղազախստանում անցկացվելիք «Միջազգային բանակային խաղերի» կազմակերպման, պետությունների մասնակցության հարցերը և հստակեցրել 2017-ի համագործակցության համատեղ միջոցառումների պլանը:
Կողմերը քննարկել են ԱՊՀ երկրների համագործակցության շրջանակներում միացյալ կապի համակարգի անցնելու հետ կապված հարցերը:
ՌԴ ԶՈւ ԳՇ պետը հայտնել է, որ «Միջազգային բանակային խաղերին» իրենց մասնակցությունը հաստատել են 25 երկրներ, այդ թվում` Հայաստանը և Ադրբեջանը:
Նիստի մասնակիցները քննարկել են ռազմական նշանակության համատեղ համակարգերի, այդ թվում` ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակի վերահսկման և գնահատման համատեղ համակարգի ստեղծման շրջանակներում մասնակից երկրների զինված ուժերի համագործակցության հարցերը: Հաստատվել են պետական գաղտնիքի պահպանության համար պատասխանատու մարմինների համագործակցության հիմնական կետերը, ԶՈւ քարտեզագրական ծառայությունների հետագա համագործակցության հայեցակարգը:
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը 2015-ին Սոչիում անցկացրած համատեղ նիստում մշակել էին երկրների զինված ուժերի առաջիկա հինգ տարվա համագործակցության և զարգացման հայեցակարգը, որը նախատեսվում էր ընդունել 2015-ի աշնանը։