Tert.am-ը գրում է.
Ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը խորհրդարանում
օգտակար կլինի ոչ միայն իրենց, այլև՝ խորհրդարանի համար: Այս համոզման են եզդի, ասորի համայնքի ներկայացուցիչները: Տարբեր են, սակայն, Ընտրական նոր օրենսգրքով խորհրդարան մուտք գործելու՝ առաջարկվող տարբերակի վերաբերյալ նրանց կարծիքները:
 
Նոր ԸՕ-ով առաջարկվում է խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների: Ընդ որում՝ դրույթը պարտադիր է. ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի բոլոր ցուցակներում պիտի ներառվեն առնվազն 2 և ոչ ավելի, քան 4 ներկայացուցիչ յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից: Արդյունքում խորհրդարանում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված է 4 տեղ:
 
Կա՞ն արդյոք Հայաստանում առկա ազգային խոշոր հինգ փոքրամասնություններում՝ եզդիներ (35,272), ռուսներ (11,862), ասորիներ (2,769), քրդեր՝ (2,131), ուկրաինացիներ (1,176), ընտրություններին մասնակցելու տարիքային և կրթական չափորոշիչներին համապատասխան բավարար թվով անձինք, ովքեր հետաքրքրված են քաղաքականությամբ:
 
Tert.am-ի հետ զրույցում Հայաստանում ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայելովը նշեց, որ իրենք ունեն համապատասխան ներուժ և կարող են առաջարկել պատգամավորի թեկնածուներ, ովքեր վստահաբար չեն զիջի իրենց կրթությամբ ներկայիս օրենսդիր մարմնի շատ ներկայացուցիչների:
 
«Մենք ունենք շատ ակտիվ գործիչներ, որոնք կարող են զբաղվել օրենսդիր աշխատանքով: Սխալ կլինի, եթե ասեմ, որ նրանք միշտ զբաղվել են քաղաքական գործունեությամբ, ոչ, այդպես չէ, հիմնական աշխատանքը տարվել է, գիտեք, ազգային փոքրամասնությունների խնդիրների՝ լեզվի պահպանման, կրթամշակույթային հարցերի ուղղությամբ, բայց սա չի նշանակում, որ այս մարդիկ պատրաստ չեն, չեն կարող քաղաքական հարցերով զբաղվել»,- նշեց Արսեն Միխայլովը:
 
Ըստ նրա՝ ազգային փոքրամասնությունները Հայաստանում քաղաքական խնդիրներ չունեն, փոխարենը կարող են օգտագործել խորհրդարանը իրենց խնդիրի լուծման առաջընթացի համար:
 
Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն էլ ասաց, որ ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը  խորհրդարանում օգտակար կլինի իրենց խնդիրների բարձրաձայնման ու լուծման գործիքների որոնման տեսանկյունից: Միաժամանակ նա նշեց, որ եզդիների շրջանում այս թեմայով չի զրուցել ու չգիտի՝ քանի հոգի կցանկանա զբաղվել քաղաքականությամբ:
 
«Ազգային փոքրամասնությունները այդքան շատ չեն, հատկապես՝ առանձին վերցրած, բոլորը միասին 10 հազար հոգի են, քրդերը օրինակ՝ այնքան քիչ են, որ չգիտեմ՝ էդքան մարդ կունենա՞ն, որ ամեն ցուցակում ընդգրկեն: Չգիտեմ… Եզդիները ուզում են, որ հայ ժողովուրդը լավ լինի, հայոց պետականությունը ամուր լինի, բայց թե որ կուսակցությունը, ինչ, չգիտեմ, մենք միասին համարյա մեկ ժողովուրդ ենք»,- նշեց Ազիզ Թամոյանը:
 
«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե դժվար է ասել՝ ամեն համայնքից քանի մարդ է զբաղվում քաղաքականությամբ:
 
Մուրազին նշեց, որ իր համար նոր Ընտրական օրենսգրքի տվյալ դրույթն անընդունելի է, որովհետև կան փոքր համայնքներ, որոնք չեն կարող բոլոր կուսակցություններում ներգրավված լինել:
 
«Օրինակ՝ քրդական համայնքը կամ ասորական համայնքը փոքր է՝ իրենք գուցե չկարողանան ներկայացված լինել բոլորի ցուցակներում: Ես ասել եմ և ևս մեկ անգամ ասում եմ՝ թող չփորձեն մեզ դարձնել գործիք այս կամ այն խմբի դեմ: Իմ խորին համոզմամբ, պետք է լինի պահանջ, որ ամեն կուսակցություն իր ցուցակում ունենա ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Եվ թող կուսակցությունները որոշեն՝ որ համայնքից են ներկայացուցիչ ընդգրկելու: Կարծում եմ, որ եթե անգամ ամենափոքր համայնքից՝ գերմանական համայնքից օրինակ, որը ունի հարյուր անդամ, լինի պատրաստված մասնագետ, որ կկարողանա մեր խնդիրները բարձրաձայնել, ես որպես եզդի համայնքի ներկայացուցիչ, իմ ձայնը կտամ իրեն»,- նշեց Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահը:
 
Ընդդիմությունը մտահոգված է ազգային փոքրամասնությունների կաշկանդվածությամբ՝ ներկայացված լինելու իրենց ընտրացուցակներում: Տարիքային, կրթական չափորոշիչներին համապատասխանելուց բացի համայնքներում կգտնվե՞ն մարդիկ, ովքեր կունենան ընդդիմադիր հայացքներ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ տարիներ շարունակ ազգային փոքրամասնությունները համագործակցել են գործող իշխանությունների հետ: «Հայաստանում անգամ ՀՀ քաղաքացին է վախենում ընդդիմադիրների հետ մասնակցել նույն ցուցակով, իսկ հիմա դուք ազգային փոքրամասնություններին բերել եք, որ մասնակցեն ընդդիմադիրների հետ մեկ ցուցակում: Ի՞նչն է նպատակը, որ ընդդիմադիրները չկարողանա՞ն մասնակցել ընտրություններին»,- կարծիք էր հայտնել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
 
Ինչպես ասաց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, իրենց միջից կարող է գտնվեն մարդիկ, ովքեր նման ցանկություն ունենան, բայց ամեն դեպքում «եզդիները հակված են Հանրապետական կուսակցությանը, Հայաստանի պետականությանը, հայ ժողովրդին, մենք ընդդիմադիրներ չենք, չենք էլ կարող լինել»:
 
Եզդի ներկայացուցիչ Բորիս Մուրազին, սակայն, հակադարձեց՝ նշելով, որ ինքը ընդդիմադիր ԲՀԿ անդամ է և ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի ղեկավար, 2008-ին քվեարկել է ՀԱԿ թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին, 2013 թ.-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, մասնակցել է հետընտրական բոլոր հանրահավաքներին:
 
Նրա հավաստմամբ՝ սխալ է այն տեսակետը, որ Ազգային փոքրամասնությունները հիմնականում համագործակցում են իշխանական կուսակցության հետ: «Այսպես թե այնպես համայնքները պարտավոր են աշխատել պետության հետ, սակայն, դա չպետք է նույնացնել կուսակցության հետ: Ես կարծում եմ, որ սա սխալ դիտարկում է, օրինակ՝ ես գիտեմ վրացական համայնքից ներկայացուցչի, ով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ակտիվ անդամ է, գիտեմ եզդի համայնքի ներկայացուցչի, որ եղել է ընդդիմադիր տարբեր շարժումների ակտիվ անդամ: Ես գիտեմ մեր թիմին, որ մշտապես բարձրաձայնել է մեր խնդիրները և չի խորշել այն հանգամանքից, որ մեր գործողությունները կարող են վիրավորել որոշ փխրուն ՀՀԿ-ականների»,- շեշտեց Բ. Մուրազին՝ հավելելով, որ իշխանությունների հետ համագործակցում է հիմնականում ավագ սերունդը, ովքեր «քանի կոպեկ ստանում են և իրենց համար այսպես հարմար է»:
 
Դիտարկմանը, թե Ազիզ Թամոյանն ասել է, որ եզդիները ընդդիմադիրներ չեն, Մուրազին արձագանքեց այսպես. «Այս դեպքում լրագրողներն էլ պետք է հասկանան, թե ում ինչից են հարցնում: Ամեն մեկին պետք է տալ իրեն վերաբերող հարց: Մարդ կա անասնապահությունից է լավ հասկանում, մարդ կա բժշկությունից և մարդ էլ կա քաղաքականությունից: Չպետք է անասնապահությամբ զբաղվող մարդուն (այս աշխատանքը ևս հարգանքի արժանի է, որովհետև նրանք էլ արդար քրտինքով ընտանիք են պահում) բժշկությունից հարցեր տալ, իհարկե նա կպատասխանի, սակայն դժվար թե դրանից օգուտ լինի»:
 
Ասորի համայնքի ներկայացուցիչ Արսեն Միխայլովն էլ ասաց, որ եթե ազգային փոքրամասնություններն իմանան, որ ընդդիմադիր ընտրացուցակների առաջին երեք տեղերում ընդգրկված կլինեն, ապա կհամաձայնեն:
 
«Իսկ եթե լինենք 50-րդ տեղում, իմանալով, որ ընդդիմությունը այդքան ձայն չի հավաքի, չենք համաձայնվի: Մենք կուզենայինք լինել առաջին երեք տեղերում, անցողիկ տեղերում: Կաշկանդվածություն՝ միանալու ընդդիմությանը, մենք չունենք: Գիտեք, ազգային փոքրամասնությունները հիմնականում իշխանության հետ են աշխատում, այսօրվա դրությամբ մեր հարցերը իշխանությունների հետ ենք լուծում, կառավարությունը մեզ մի քանի կոպեկ է հատկացնում՝ տարազների համար, միջոցառումների համար, հիմա սա բռնենք կտրե՞նք, որ ընդդիմության հետ աշխատենք, չգիտեմ…»,- նշեց Միխայլովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել