Պալմիրայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ սիրիական բանակի հաղթանակը հիմք է դրել ահաբեկիչների ամբողջական ջախջախման համար: Այդ մասին հայտարարել է սիրիական բանակի հրամանատարությունը, հաղորդում է РИА Новости-ն:
«Հաղթանակն ԻՊ-ի դեմ ջախջախիչ հարված էր: Այն թույլ կտա կոտրել վարձկանների մարտական ոգին, հիմք է տալիս ահաբեկիչների ամբողջական ջախջախման և նահանջի համար»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչպես նշել է հրամանատարությունը, սիրիական բանակն ընկերների և դաշնակիցների աջակցությամբ ապացուցել է Պալմիրայում, որ միակ ուժն է, որ կարող է արդյունավետ պայքարել ահաբեկչության դեմ և ոչնչացնել այն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պալմիրյում մարտերն ամբողջությամբ ավարտվել են, ճնշվել են ահաբեկիչների դիմադրության վերջին օջախները: Բանակը և ապստամբ ուժերն ամբողջությամբ վերահսկում են քաղաքը, սակրավորներն ականազերծում են փողոցները: Պալմիրան, որի ավերակները Սիրիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց վայրերից մեկն է, ԻՊ-ի հսկողության տակ էր գտնվում 2015 թվականի մայիսի կեսերից:



