Մարտերը Պալմիրայում շարունակվում են. Պատմական հատվածն ազատագրված էPanARMENIAN.Net-ը գրում է.

Մարտի 26-ին մարտերը վերսկսվել են սիրիական Պալմիրայի ամբողջ տարածքում, բացի պատմական մասից: «Անապատի բազեներ» ջոկատի աշխարհազորայինները կարողացել են ամրանալ միջնաբերդի մոտ գտնվող թաղամասում: Քաղաքի մյուս հատվածում բանակը շարժվում է ռազմական օդանավակայանի ուղղությամբ: Կատաղի մարտեր են ընթանում ավիաբազայից 1 կմ հեռավորության վրա: Ահաբեկիչները դիմադրում են:

«Քաղաքում մնացած գրոհայինները, հավանաբար, կրակ են վարում` ապահովելով իրենց ստորաբաժանումների նահանջը: Դեռևս հստակ տվյալներ չկան այն մասին, թե ահաբեկիչները շարունակում են նահանջել, թե որոշել են քաղաքում պաշտպանության անցնել»,-ասել է գրոհային ջոկատի հրամանատար Աբու Համզեն, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մարտի 24-ին աշխարհազորայինները գրավեցին «Սեմիրամիս» հյուրանոցային համալիրն ու հարևանությամբ գտնվող մի շարք շենքեր: Մարտի 25-ի երեկոյան նրանք հսկողություն են սահմանել այն բարձունքում, որտեղ գտնվում է միջնաբերդը: Ավելի վաղ «Անապատի բազեների» գլխավոր հրամանատր Ջաբերը հայտարարել էր, որ գրոհն անշտապ է ընթանում, քանի որ ահաբեկիչներն ականապատել են քաղաքի ծայրամասերը:

Սիրիական բանակի մարտիկները պոկել են ԻՊ դրոշը Պալմիրայի հին ամրոցի բարձունքից: Աշխարհազորայիններն ու զինվորականները ցուցադրաբեր հրկիզել են ԻՊ սև դրոշը: Սակայն, զինվորներին դեռ չի հաջողվել միջնաբերդի վրա տեղադրել Սիրիայի դրոշը: Ահաբեկիչները գնդակոծում են բարձունքը տանկից, զենիթային կայանքներից ու ականանետերից:

Պալմիրան կարևոր ռազմական նշանակություն ունի Դամասկոս-Դեր Զոր մայրուղում: Ազատագրելով քաղաքը` սիրիական բանակը կկարողանա գրոհել Ռաքքան:

Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ականապատել էին Պալմիրայի հռոմեական դարաշրջանի ամֆիթատրոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել