12421788_933888533392256_807944169_n1978 թվականի սեպտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի, Եգիպտոսի նախագահ Էնվեր Սադաթի և Իսրայելի վարչապետ Մենախիմ Բեգինի կողմից ստորագրված «Քեմփ Դեյվիդ»-ի համաձայնագիրն այն առանցքային նախադրյալն էր, որի հիման վրա 1979 թվականի մարտ ամսին Եգիպտոսի և Իսրայելի միջև կնքվեց խաղաղության պատմական պայմանագիրը:

ԱՄՆ-ի միջնորդությամբ Եգիպտոսի և Իսրայելի միջև կնքված «Խաղաղությունը Մերձավոր Արևելքում» պաշտոնական համաձայնագիրն այսօր հայտնի է «Քեմփ Դեյվիդ»-ի համաձայնագիր անվամբ, քանի որ կնքվել է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում տեղակայված «Քեմփ Դեյվիդ» նախագահական ամառանոցում: Այս առթիվ Էնվեր Սադաթը և Մենախիմ Բեգինը 1978 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել: Խաղաղության ձեռքբերման գործում մեծ է եղել նաև ԱՄՆ-ի կառավարության և, մասնավորապես, նախագահ Քարթերի դերը, ով ԱՄՆ-ի պետ. քարտուղար Սայրուս Վենսի հետ մեկտեղ նպատակադրված ակտիվ բանակցություններ է վարել Իսրայելի և Եգիպտոսի առաջնորդների հետ արաբաիսրայելական հակամարտությանը լուծում տալու համար:

Պատմական ակնարկ

1947 թվականին ՄԱԿ-ը կողմ քվեարկեց Մեծ Բրիտանիայի Պաղեստինյան մանդատը Հրեական պետության, Արաբական պետության և ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող անկախ Երուսաղեմի միջև բաժանելուն: Արաբները դեմ էին այդ բաժանմանը: 1948 թվականի մայիսի 15-ին, երբ մանդատի լիազորությունների ժամկետն արդեն ավարտվում էր, Իսրայելը հռչակեց իր անկախությունը՝ ազդարարելով արաբաիսրայելական առաջին պատերազմի սկիզբը: Արաբ պաղեստինցիների կողմից ոչ մի առանձին պետություն չստեղծվեց: Եգիպտոսն իր տիրապետության տակ էր վերցրել Միջերկրական ծովի երկայնքով տարածվող Գազայի հատվածը, իսկ Հորդանանն իր ինքնիշխանությունն էր հռչակել Իսրայելի արևելյան սահմանների և Հորդանան գետի միջև ընկած տարածքում՝ ներառյալ արևելյան Երուսաղեմը:

1967 թվականի հունիսին տեղի ունեցած «Վեցօրյա պատերազմի» ընթացքում Իսրայելն ամբողջությամբ գրավեց այդ տարածքները, այդ թվում նաև Գոլանի բարձրունքը (Իսրայելի հյուսիսարևելյան սահմանին գտնվող սիրիական լեռնակտոր) և եգիպտական Սինայի թերակղզին:

Ընտրվելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում՝ Ջիմի Քարթերը պատրաստակամ էր աջակցել 1967 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի ընդունած թիվ 242 բանաձևով սահմանված պահանջների կատարմանը, որով առաջ էր քաշվում Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման խնդիրը (Իսրայելը պետք է հետ վերադարձներ գրավյալ տարածքները, իսկ Եգիպտոսը ճանաչեր Իսրայելին որպես պետություն), ինչպես նաև պաղեստինցի փախստականների խնդրի կարգավորումը, որոնք Իսրայելի ստեղծման և 1967 թվականի պատերազմի ժամանակ երկրից տեղահանվել էին:

Ավելի վաղ, իր նախագահության ընթացքում Քարթերը հանդիպումներ է ունեցել Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ և հատկապես ոգեշնչված էր Եգիպտոսի նախագահ Էնվեր Սադաթի դիրքորոշումից, ով ցանկանում էր իր երկրին վերադարձնել Իսրայելի կողմից գրավված Սինա թերակղզին, քանի որ դրանով էր պայմանավորում Եգիպտոսի ժողովրդի խաղաղության և Միացյալ Նահանգների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման խնդրի լուծումը: Քարթերը հանդիպել է նաև Բեգինի հետ, ով նոր էր ընտրվել Իսրայելի վարչապետի պաշտոնում: Վերջինս ևս պատրաստ էր քննարկել այն խնդիրները, որոնք առաջ էին քաշվել Քարթերի և Սադաթի հանդիպման ժամանակ:

1977 թվականի նոյեմբերին Սադաթն անմիջական կապ հաստատելով Իսրայելի հետ՝ այցելում է Երուսաղեմ, հանդիպում Իսրայելի Խորհրդարանի անդամներին: Մենախիմ Բեգինի պատասխան այցն, այնուամենայնիվ, անհաջող ավարտ ունեցավ և, արդյունքում, խաղաղության հաստատման գործընթացում ոչ մի առաջընթաց չգրանցվեց:

ԱՄՆ Առաջին տիկին Ռոզալին Քարթերի առաջարկությամբ նախագահը որոշում է հանդիպում կազմակերպել Սադաթի և Բեգինի միջև իր նախագահական ամառանոցում՝ Քեմփ Դեյվիդում. հանդիպման հարաբերական գաղտնիությունը և առանձնացվածությունը կարող էին բեկումնային լինել հակամարտության կարգավորման գործընթացի համար:

12910613_933888536725589_710662182_n

Հանդիպումը Քեմփ Դեյվիդում

Երկու երկրների առաջնորդներն էլ ընդունեցին ԱՄՆ նախագահի կողմից ստացված հանդիպման հրավերը, և 1978 թվականի սեպտեմբերի 5-ին մեկնարկեց բանակցությունների սկիզբը, որը շուրջ 13 օր տևեց: Թե՛ Սադաթի, թե՛ Բեգինի համար այդ հանդիպմանը ներկա գտնվելը չափազանց արտասովոր էր, որի դրական ելքը, մեղմ ասած, շատ կասկածելի էր թվում: Ոչ միայն Իսրայելի և Եգիպտոսի միջև տասնամյակներ շարունակվող պատերազմն էր անբարենպաստ պայմաններ ստեղծում բանակցելու համար, այլև երկու առաջնորդների անձնային հատկանիշների տարբերությունը բարդացնում էր երկխոսության կայացման հավանականությունը: Վարվելաձևերով և հագուկապով միշտ պաշտոնական Բեգինը չափազանց բծախնդիր էր և զգուշավոր համաձայնությունների ձեռքբերման հնարավոր զարգացումների հարցում: Վերջինս վատատեսորեն էր տրամադրված և Քեմփ Դեյվիդում իր ծրագրերի իրականացման հնարավորությանը չէր հավատում, փոխարենը գտնում էր, որ սա լավ առիթ է հանդիպումների հետագա օրակարգերը մշակելու և հարցադրումները հստակեցնելու համար: Ի հակադրություն Բեգինի, Սադաթը մշտապես նորաձև սպորտային հագուստ էր կրում, իր վարքի մեջ շատ ազատ էր և առաջադեմ: Նա հույս ուներ հանդիպման ընթացքում բազմակողմանի բանակցություններ վարել, որոնք նպատակաուղղված կլինեին բոլոր վիճարկելի հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուն:

12910448_933888530058923_676993414_n

Չնայած այն բանին, որ բոլոր երեք առաջնորդներին էլ ուղեկցում էին իրենց արտաքին քաղաքականության խորհրդականները, Քարթերը նախընտրեց միայն երեք առաջնորդների մասնակցությամբ առանձին նիստեր անցկացնել Քեմփ Դեյվիդի իր աշխատասենյակում՝ Ասպենում: Քարթերի առաջարկությամբ այդ նիստերն անց էին կացվում դռնփակ՝ առանց մամուլի մասնակցության, քանի որ դա կարող էր վատ ազդեցություն ունենալ բանակցությունների ընթացքի վրա:

Բանակցությունների առաջին հանդիպումից առաջ Քեմփ Դեյվիդում ստեղծված հումորային իրավիճակը, որում հայտնվել էին առաջնորդները, իրականում երկու անհատականությունների վառ արտացոլումն էր: ԱՄՆ նախագահի և նրա տիկնոջ աշխատասենյակ մտնելուց հետո Բեգինը և Սադաթը կանգնած վիճում էին, թե ով պետք է առաջինն անցնի դռան շեմով: Վերջում երկուսն էլ ծիծաղեցին և Բեգինը պնդեց, որ Սադաթն առաջինը մտնի ներս: Ինչպես ավելի ուշ հիշում է Ռոզալին Քարթերը. «Ջիմին ինձ ասաց, որ Բեգինը Սադաթից առաջ ներս չէր մտնի, քանզի նա երբեք չէր խախտի սահմանված պաշտոնական կարգը՝ նախագահը ավելի բարձր է, քան վարչապետը»:

Բանակցությունների երրորդ օրվա ավարտին թեժ քննարկումները փակուղի էին մտել, իսկ Սադաթի ու Բեգինի միջև անմիջական երկխոսությունն ուղղակի անհնարին էր դարձել: Ստեղծված իրավիճակի համար Քարթերը շատ հետաքրքիր լուծում է գտնում: Վերջինս կարևորագույն հարցերի լուծումներն ընդգրկող միասնական փաստաթուղթ է ստեղծում և առանձին հանդիպումների ժամանակ այն ներկայացնում է երկու երկրների առաջնորդներին: Լսելով նրանց մեկնաբանությունները՝ Քարթերն այդ փաստաթուղթը մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկում և կրկին ցույց տալիս բանակցող երկու կողմերին (միասնական փաստաթղթի այս մեթոդը Քարթերն իր հետնախագահական աշխատանքային տարիներին շատ անգամ է կիրառել միջազգային հակամարտությունների լուծման նպատակով): Օրերն անցնում էին, իսկ Քեմփ Դեյվիդում կարգավորումների որոշակի լուծում ստանալու հեռանկարն այնքան աղոտ էր, որ Սադաթը սպառնում էր հեռանալ, իսկ Քարթերն արդեն ծրագրում էր վերադառնալ Սպիտակ տուն՝ շատ լավ հասկանալով, թե ինչ քաղաքական հետևանքներ կթողնեն անհաջողության մատնված այս բանակցություններն իր կարիերայի վրա:

Այնուամենայնիվ, բանակցող երկու կողմերի միջև համաձայնությունը կայացավ հանդիպումների վերջին օրը, այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Մենախիմ Բեգինը համաձայնեց Իսրայելի Խորհրդարանին թույլ տալ որոշել Սինայի թերակղզու ճակատագիրը, որը Սադաթը պահանջում էր հետ վերադարձնել, իսկ Բեգինը երդվել էր երբեք չզիջել:

12910913_933888546725588_978174030_n

Մերձավոր Արևելքի Խաղաղությունը

Այս բանակցությունների վերջնարդյունքը «Մերձավոր Արևելքի Խաղաղությունը» պաշտոնական անվանմամբ համաձայնագրի ձեռքբերումն էր, որը բաղկացած էր երեք մասից՝ Հորդանան գետի արևմտյան ափի երկայնքով և Գազայի հատվածում ընտրությունների միջոցով պաղեստինյան ինքնակառավարվող մարմնի ձևավորում, Իսրայելի և Եգիպտոսի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքում և երրորդը՝ խաղաղության նմանատիպ համաձայնագրերի կնքում Իսրայելի և նրա հետ հարևան մյուս երկրների միջև: Իսրայելի վարչապետը և խորհրդարանը համաձայնեցին, որ պաղեստինյան ընտրված ինքնակառավարվող մարմինը միջանցիկ դեր պետք է խաղար գրավյալ տարածքներից Իսրայելի քաղաքական և ռազմական ուժերը փոխադրելու գործում:

1979 թվականի մարտին Իսրայելի և Եգիպտոսի միջև կնքված խաղաղության պայմանագիրը մանրամասնորեն արտացոլում էր Քեմփ Դեյվիդում ԱՄՆ-ի նախագահ Քարթերի կողմից արված առաջարկները: Այս համաձայնագիրը պաշտոնապես վերջ դրեց երկու պետությունների միջև ստեղծված պատերազմական իրավիճակին: Իսրայելը համաձայնեց վերադարձնել Սինայի թերակղզին, իսկ Եգիպտոսը խոստացավ դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև և Իսրայելի նավերի համար բացեց Սուեզի ջրանցքը, որը մինչ այդ փակ էր ներքին ջրային ուղիներով: Այս դրույթները պատշաճ կերպով իրականացվեցին: Սակայն արաբական պետությունների մեծ մասը հակամարտության այս կարգավորմանը բացասական արձագանք տվեց, որի արդյունքում Եգիպտոսը նույնիսկ հեռացվեց Արաբական Լիգայի երկրների շարքից, իսկ Պաղեստինի Ազատագրման Կազմակերպությունը (ՊԱԿ), հանդես գալով պեղեստինյան ժողովրդի անունից, մերժեց խաղաղության համաձայնագիրը:

Այնուամենայնիվ, Եգիպտոսի և Իսրայելի միջև տևական ժամանակ ընթացող պատերազմն այլևս ավարտված էր: Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ուղղությամբ մեծ առաջընթաց գրանցվեց, որն էլ հիմք դրեց տարածաշրջանի երկրների միջև միջպետական հարաբերությունների կայունացմանը և հետագա զարգացմանը:

Արեգ Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել