Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնում է Բրյուսելի ու Փարիզի ահաբեկչություններից հետո Եվրոպայում ու տարածաշրջանում հնարավոր կրոնական պատերազմներին և նկատում, որ կրոնական պատերազմները չեն կարող լինել կրոնական-դավանաբանական հենքի վրա: Այլ բան է, որ ահաբեկիչներն իրենք են նման կեղծ թիրախավորումներ անում: Որպես օրինակ նա բերեց ալիևյան վարչակարգի քարոզչական ջանքերը`Արցախյան հակամարտությունը ներկայացնել կրոնաէթնիկ հենքի վրա հակամարտություն: «Պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ ՀՀ-ն՝ որպես հինավուրց քրիստոնեական ազգ, եղբայրական ժողովուրդ է շիականության համաշխարհային կենտրոն Իրանի հետ»,- ասում է իրանագետը:
-Պարոն Ոսկանյան, Բրյուսելի ահաբեկչությունից հետո Իսպանիայում մզկիթ այրեցին, ըստ Ձեզ` արդյո՞ք աշխարհում և տարածաշրջանում հասունացել են միջկրոնական պատերազմները:
- Պետք է նշել մի կարևոր հանգամանք` նախքան բուն խնդրին անդրադառնալը. կրոնական-դավանական հենք ունեցող ահաբեկչությունը պետք է առանձնացնել կրոնական-դավանական պատկանելությունից: Եթե խոսքն իսլամիստ ահաբեկիչների մասին է, ապա դա ամենևին չի նշանակում,որ իսլամը ահաբեկչություն խրախուսող կամ քարոզող կրոն է: Կամ եթե խոսքն այլ դավանանքի հետևորդի մասին է, որն օրինակ` գողությամբ է զբաղվում, չի կարելի ասել, որ քրիստոնեությունը քարոզում է գողություն: Հետևաբար, շատ կարևոր է զանազանել հարթությունները, թեպետ կենցաղային միջին վիճակագրական անհատների մակարդակով շատ դժվար է այդ զանազանությունները նկատել: Եվ դրա արդյունքում կարող են գրանցվել նման դեպքեր` ի պատասխան իսլամիստ ահաբեկիչների որևէ գործողության: Եվ չմոռանանք, որ ահաբեկիչների հիմնական նպատակներից մեկն էլ նման հակասությունների հրահրումն է ու հասարակության ապակայունացումը: Եվ այս համատեքստում չափազանց կարևոր է, որ նման ահաբեկչությունների ֆոնին այդ տարբերությունները հստակորեն ներկայացվեն, որովհետև հակառակ պարագայում կրոնական կամ էթնիկ-կրոնական հենքի վրա գոյություն ունեցող պատերազմները արդեն տեղափոխվում են Եվրոպայի սիրտ: Ահաբեկիչների նպատակը հենց դա է` ստեղծել թվացյալ կրոնական պատերազմների պատրանք, քանի որ իրականության մեջ նման պատերազմներ չեն կարող լինել: Դավանաբանական տարբերություններում հանդուրժողականության և հոյակապ հարաբերություններ կառուցելու, պահպանելու, զարգացնելու լավագույն օրինակը Իրանն ու Հայաստանն են: Իրանը` որպես շիա Իսլամի ավանդական կենտրոն երկիր, Հայաստանը` որպես հնագույն քրիստոնեական քաղաքակրթության ներկայացուցիչ: Կարծում եմ, որ այս երկու երկրների հարաբերություններն այս տեսանկյունից շատ արդիական են, որպեսզի ներկայացվեն նաև համաշխարհային մակարդակով` Եվրոպայում ու արևմտյան աշխարհում: Բայց կա մի կարևոր հանգամանք. պետք է ամեն ինչի արմատները փնտրել, որքան էլ այդ երևույթները դատապարտելի լինեն: Այսինքն` պետք է հասկանալ, որ նման խմբավորումների համար գործունեության դաշտ է ապահովվել նաև Մերձավոր Արևելքում վարված անմիտ քաղաքականության հետևանքով: Մերձավոր Արևելքի ահաբեկիչներին յուրայինների ու ոչ յուրայինների բաժանելու հետևանքով, և բնական է, որ այսօրվա աշխարհն այնքան փոխկապակցված է, որ, դիցուք, Սիրիայում որևէ գործընթաց, որը բերելու է ապակայունացման ու էթնիկ լիցք պարունակող կոնֆլիկտի, չի կարող վաղը չանդրադառնալ հարևան ու այժմ արդեն` եվրոպական երկրների վրա: Հետևաբար, նման գործողությունների սանձումը պետք է կատարվի տեղում` Մերձավոր Արևելքում: Այնպես անել, որ Մերձավոր Արևելքի պետությունները ոչ թե քայքայվեն, այլ ամրանան և դրա հետևանքով` կկանխվի ահաբեկչական վտանգն ընդհանրապես և, մասնավորապես, ի չիք կդառնա դավանական պատերազմի ուրվականը Եվրոպայից:
-Ղարաբաղյան հակամարտության սկզբնական տարիներին հայ փորձագետները, ճիշտ է ոչ հաճախ, բայց խոսում էին կոնֆլիկտի կրոնաէթնիկ ծագման մասին: Հետո անմիջապես շտկումներ եղան: Այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ կոնֆլիկտը ինչ-որ ձևափոխումների ենթարկվի` գնալով դեպի կրոնական-էթնիկ դաշտ:
-Ադրբեջանը տարիներ շարունակ, թե՛ արցախյան հակամարտության տաք փուլում, թե՛ այսօրվա պայմաններում պարբերաբար փորձեր է անում հակամարտությանը կրոնական երանգ տալու համար: Փորձելով այն ներկայացնել իսլամական աշխարհը ներկայացնող կառույցներում առնվազն, որ այս հակամարտությունն ունի նաև կրոնական ենթատեքստ: Բնական է, որ ալիևյան վարչակարգն իր այդ ջանքերը հնարավորության դեպքում շարունակելու է: Այլ հարց է, որ ակնհայտորեն այս հակամարտությունը զերծ է կրոնական որևէ լիցքից: Ադրբեջանը որքան էլ փորձի շրջանառության մեջ դնել սա, կրկնում եմ` Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու կարիք չկա. Իրանի Իսլամական Հանրապետությունն է շիականության համաշխարհային կենտրոնը և Հայաստանն այդ երկրի հետ ունի ամենաբարձր մակարդակով հոյակապ հարաբերություններ: Ավելին` մենք եղբայրական երկրներ ու ժողովուրդներ ենք: Եվ վերադառնալով վերը ասվածին, նշեմ, որ որքան էլ Ադրբեջանը ջանքեր թափի արցախյան հակամարտության կրոնական ենթատեքստը ցույց տալու համար, ակնհայտ է, որ նման ենթատեքստ չկա: Այսինքն` այս հակամարտությունը մեր ժողովրդի ազգային ազատագրական պայքարի կարևոր փուլերից մեկն է, որը, ի դեպ, մենք հաղթահարել ենք հաջողությամբ:



