Այս այցը հավակնում է դառնալ լուրջ մտահոգությունների ու հիասթաափությունների պատճառ հատկապես Հովիկ Աբրահամյանի համար, որովհետև դրա հետ անմիջականորեն կապված միանգամից մի քանի դետալներ կան, որոնք նրա դուրը դժվար թե գան։
Նախ, սկսենք նրանից, որ Մեդվեդեվի աշխատանքային այցը Հայաստան պետք է կայանար դեռ դեկտեմբերին, բայց անընդհատ հետաձգվում էր։ Եթե հաշվի առնենք, որ քաղաքական կուլուարներում դեռ աշնանից շշուկներ էին հնչում, որ ՀՀ կառավարությունը բանակցում է ռուսականն կողմի հետ՝ գազի գները նվազեցնելու համար և մերթընդմերդ «պատահական» տեղեկատվական արտահոսքեր էին լինում այս մասին, ապա հավանաբար, այդ հետաձգման պատճառներից մեկը գազի գնի շուրջ վարվող հենց այդ բանակցություններն էին։
Ըստ ամենայնի, Հովիկ Աբրհամյանը այդպես էլ չկարողացավ բեկում մտցնել դրանցում, իսկ Մեդվեդևն էլ իր հերթին ձգձգում էր այցը, որպեսզի իր վճռական «Այո»-ն կամ «Ոչ»-ը ստիպված չլինի Երևանում ասել։ Ոչ մի բան չասելն էր մյուս կողմից շահեկան չէր ո՛ ռուսական, ո՛չ էլ հայկական կողմին, քանի որ նման այցը առանց որևէ շոշափելի ձեռքբերումների մասին հայտարարության՝ իմաստ չէր ունենա քարոզչական տեսանկյունից կողմերից և ոչ մեկի համար և կստացվեր հերթական այցը, որը լուսաբանելիս սովորաբար սահմանափակվում են այնպիսի իներտ ձևակերպումներով, ինպիսին է օրինակ «կողմերը կարևորեցին երկկողմ համագործակցության հարցերը և պայմանավորվեցին էլ ավելի խորացնել այն»։
Արդյունքում, մի քանի ամիս միջկառավարական անարդյունք բանակցություններից հետո, գազի հարցը կարծես թե հանգուցալուծում ստացավ, բայց միայն այն բանից, երբ հարցը քննարկվեց Պուտին-Սարգսյան ֆորմատով։ Ու հիմա հայտնի է, որ գազի գնի նվազեցման մասին Մեդվեևը հայտարարելու է ոչ թե Հովիկ Աբրահամյանի, այլ Սերժ Սարգսյանի ներկայությամբ։ Այս կերպ, կարելի է ասել, որ Սարգսյանը ինքն է վերցնելու փառքւ բոլոր դափնիներն ու դիվիդենտները, իսկ Հովիկ Աբրահմյանն արդյունքում հանդես է գալիս ավելի թուլացած դիրքերով, որովհետև այս ամենը կարելի է մեկանաբանել նաև որպես անհաջողություն։ Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանը աշխարհաքաղաքական զարգացումների, Հայաստանի համար իրոք խիստ ակտուալ նշանակություն ունեցող պայմանավորվածությունների ձեռքբերման և միջազգային ասպարեզում միջպետական շփումների համատեքստում բավականին թույլ դերակատարություն ունի։
Ու վերջապես, մյուս դրվագը, որը դժվար թե Հովիկ Աբրահամյանի համար հաճելի լինի, կայանում է նրանում, որ ԵԱՏՄ վարչապետների համաժողովի նիստը վարելու է Տիգրան Սարգսյանը։ Սրանում ոչ մի դեմարշ չկա, քանի որ Տիգրան Սարգսյանը՝ լինելով ԵԱՏՄ վարչապետը, ի պաշտոնե պետք է վարի նիստը։ Սա ինչ որ տեղ ասես ճակատագրի հեգնանք լինի, քանի որ բոլորս էլ հիշում ենք, թե որքան ջանք ու եռանդ գործադրեց Հովիկ Աբրահամյանը, որպեսզի այդքան բաղձալի վարչապետական պաշտոնը Տիգրան Սարգսյանից անցնի իրեն ու ի վերջո հասավ իր նպատակին։ Ու հիմա՝ երկու տարի անց, Հովիկ Աբրհամյանը հայտնվում է մի իրավիճակում, երբ ֆորմալ առումով Տիգրան Սարգսյանն իր վերադասն է՝ թեկուզև ԵԱՏՄ համատեքստում։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/03/blog-post_25.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել