Հայաստանում իրականացվող ցանկացած ակցիա, ցանկացած գործողություն պետք է իրականացվի ՀՀ օրենսդրության խստագույն պահպանման պայմաններում: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով «Նոր Հայաստան» միավորման կողմից այսօր անցկացվող բողոքի ցույցին, որի ժամանակ ոստիկանության հետ բախման արդյունքում կին էր տուժել:
«Եվ՛ մեր սիրելի ոստիկանները, և՛ մեր սիրելի քաղաքացիները, լրատվամիջոցները ևս, պետք է հարգեն ՀՀ օրենսդրությունը: Ինչ վերաբերում է ակցիային, ես ընդունում եմ, որ մեր քաղաքացիներն իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտել, բողոքի ակցիա կազմակերպել, բայց ինձ համար անակնկալ էր այն, ինչ տեղի ունեցավ: Իսկ տեղի ունեցավ մի բան, որը մեր մենթալիտետի համար առաջին անգամ էր: Մեր քաղաքում, մեր Հայաստանում, մեր աշխարհընկալման մեջ ընդունված չի եղել, որ կանայք պառկեն, մեխեն իրենց ասֆալտին: Չգիտեմ։ Ինձ համար դա անակնալ էր»,- նշեց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը չբացառեց, որ կնոջ հետ տեղի ունեցածը կարող էր լինել նաև ոչ ոստիկանության հետ բախման արդյունքում: «Կարող են լինել նաև ականատեսներ, այլ պնդումներ, որ դա ոստիկանները չեն արել, պատահաբար է եղել: Չեմ ուզի դատավորի ֆունկցիա վերցնել: Մի բան հստակ է, տեսել եմ կատարվածի տեսանյութն ու տպավորությունս այնպիսին է, որ ոստիկանները չէին ցանկանում բախումներ: Իսկ ցանկացած ժողովրդավար երկրում, մենք պետք է զերծ մնանք սադրանքներից: Մենք շատ ենք հարգում մեր քաղաքացիների։ Բայց յուրաքանչյուր ժողովրդավար երկրում ազատության իրավունքը, յուրաքանչյուր ժողովրդավար երկրում բոլորն ակցիա իրականացնելուց հարգանք ունեն ոստիկանության հանդեպ»,- շեշտեց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է «Նոր Հայաստան»-ի փորձերին՝ միավորելու ընդդիմության դաշտը, ապա ՀՀԿ խոսնակը հավաստիացրեց՝ հարցը ԳՄ նիստում չի քննարկվել. «Դա արհեստական օրակարգ է: Բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը ներգրաված են ԸՕ քննարկումների մեջ, ոչ թե այդ միավորի առաջարկված հարցի քննարկումներում: Չգիտեմ էլ՝ կարելի է անվանել նրանց միավոր, թե ոչ»:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/24/sharmazanov2/1973208
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



