Բոյկոտողների և չբոյկոտողները դիրքերը խիստ բևեռացված են։ Կարծես թե նրանք երբեք համաձայնության չեն գալու։ Բոյկոտողները գտնում են, որ «ընտրություններ» կոչվածը անարդար կանոններով խաղ է, և այնտեղ միայն վարչակազմը կարող է հաղթել։ Չբոյկոտողները գտնում են, որ ինչ էլ որ լինի նրանք պետք է պայքարեն՝ անտեսելով, որ խաղի մեջ մտնելով գնում են դեպի պարտություն։ Եվ նույնիսկ, փայլուն գիտակցելով իրենց պարտությունը, միևնույն է պայքարի ուրիշ ձև չեն տեսնում։

Սակայն երկու բևեռներին համաձայնեցնելու տարբերակ նույնպես կարող է լինել, որը հնարավոր կդարձնի միասնական ընդդիմության ստեղծումը։ Միասնության հնարավոր է հասնել, եթե խաղի կանոնները փոխվեն։ 

Պատկերացնենք այսպիսի մի բանաձև․ բոյկոտողներն ու չբոյկոտողները միասնաբար պահանջում են վարչակազմից փոխել ընտրական օրենսդրությունը։ Եթե պահանջը կատարվում է, ապա արդեն իսկ արդար կանոններով ընտրություններին մասնակցելը իմաստալի է դառնում, և ընդդիմադիր ուժերը միասնաբար մասնակցում են (ցանկալի է մեկ թեկնածուով)։ Իսկ պահանջը չկատարելու դեպքում ընդդիմությունը միասնաբար բոյկոտում է և շարունակում է պայքարը համակարգից դուրս՝ բոյկոտի շնորհիվ թուլացած նախագահի և ռեժիմի հրաժարականին հասնելու նպատակով։ 

Երկու դեպքում էլ ընդդիմության դիրքորոշումը հստակ է և սկզբունքային, և որ հաղթանակի հասնելու համար ամենակարևորն է՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ։ Արդյո՞ք մեր ներկայիս բևեռացված և մասնատված ընդդիմությունը քաղաքական կամք ունի նմանատիպ քայլերի գնալու և ընդդիմադիր միասնական ճակատ ստեղծելու՝ սա դեռ մեծ հարց է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել