Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ներկայացրել է վարչապետի հանձնարարականով դեղերի մանրածախ վաճառքի վերաբերյալ անցկացրած ուսումնասիրությունների արդյունքները: Նա նշել է. «Արդյունքում պարզվել է, որ լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016թ. մարտ ամսին 2015թ. դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1,4 տոկոսով, ընդ որում` դրանցից 47 անվանում դեղերի միջին շուկայական գները նվազել են շուրջ 4 տոկոսով, իսկ 7-ի գները բարձրացել են շուրջ 3 տոկոսով»:
Այնուհետեւ նախարարը անդրադարձել է «Դեղերի մասին» նոր օրենքի նախագշին, նշելով, որ այն էականորեն բարելավվել է և ընդունման դեպքում կկարգավորի դեղի շրջանառության ողջ շղթան՝ սկսած դեղ ստեղծելուց, պահեստավորումից, տեղափոխումից մինչև սպառողին հասնելը: ըստ Արմեն Մուրադյանի, գների կարգավորման միջոցով կապահովվի փոխհատուցվող դեղերի գների կանխատեսելիությունը, դեղատոմսերի ներդրմամբ կնվազի ինքնաբուժությունը և դրա բացասական հետևանքները, զուգահեռ ներմուծմամբ կխթանվի դեղերի գների նվազումը, կներդրվի հետգրանցումային դիտարկումների և կողմնակի ազդեցությունների մոնիթորինգի գործուն համակարգ:
Խնդրին անդրադարձել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ասելով, որ դեղերի մոտ 65 տոկոսը ներկրում է 4 կազմակերպություն, և որպեսզի դիրքի չարաշահում ընդհանրապես չլինի, առաջարկել է պատկան մարմիններին հետևողական լինել այդ հարցում: