Թեեւ մի շարք քայլեր են ձեռնարկվում հաշմանդամություն ունեցող մարդկանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, կարելի է ասել, որ խնդիրը շարունակում է մնալ առաջնային: Այս ամենին գումարվում է նաեւ գենդերային անհավասարությունը, որը շատ հաճախ ազգային մտածողության խնդիրն է:
2012-ի հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հրապարակած «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» զեկույցում ասված է, որ «Ավելի շատ հաշմանդամություն ունեցող աղջիկներին են տանում մանկատուն, քան տղաներին: Տղա երեխաներին ընտանիքի անդամներն այցելում են ավելի շատ ու նրանք տուն են գնում ավելի հաճախ, քան աղջիկները:
Մանկատանը խնամվող հաշմանդամություն ունեցող երեխաների 55%-ը տղաներ են, 45%-ը` աղջիկներ: Այս տվյալները տարբերվում է ընտանիքի խնամքի տակ գտնվող 68% տղաներ և 32% աղջիկներ հարաբերությունից»:
«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր, «Հույսի կամուրջ» հկ-ի ներկայացուցիչ Զառա Բաթոյանն ասում է, որ հաշմանդամություն ունեցող աղջիկներն ու կանայք ավելի խոցելի խմբում են այս պահին, որը հասարակական կարծրատիպերի արդյունք է:
«Ցավոք, այդ խնդրի մասին դեռևս շատ քիչ է խոսվում, և շատերը նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե որքան խորն են դրա արմատները»,-ասում է Զառա Բաթոյանը եւ հավելում, որ Հայաստանում դեռ կա գենդերային անհավասարության խնդիր, այլապես հասարակական կազմակերպություններ չէին ստեղծվի և այդ խնդրի լուծմանն ուղղված գործունեություն չէին ծավալի:
Ճանապարհը, որ տանում է դեպի հաշմանդամություն ունեցող մարդու համար մատչելի կյանք եւ նպատակների իրականացում, երբեմն անցնում է դժվարությունների միջով` հաղթահարելով բազում մարտահրավերներ:
«Եթե դու ապրում ես Հայաստանում և հաշմանդամություն ունես, քեզ համար ամեն ինչն էլ մարտահրավեր է՝ բակ դուրս գալը, դպրոց գնալը, մասնագիտություն ստանալը, խանութ մտնելը, ժամադրության գնալը և այլն…»,- ասում է Զառան եւ նշոււմ, որ նա այս ամենից որեւէ մեկը բաց չի թողել:
«…Քանի որ միայն մեկ կյանք է մեզ տրված, և դժվար թե առաջիկա տարիներին որևէ բան փոխվի մեր երկրում, ապա չենք կարող նստել տանն ու սպասել հրաշքի: Հրաշքներ, իհարկե, պատահում են, եթե մենք ինքներս ենք դրանք ստեղծում»,-ասում է Զառա Բաթոյանը:
Տանը նստելու եւ սպասելու փոխարեն` Զառան 17 տարեկանից եղել է «Հույսի կամուրջ» հկ-ում, իսկ երկու տարի անց էլ դարձել է աշխատակազմի անդամ` աշխատելով «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գխավոր խմբագիր: Ինչպես նա է ասում, նպաստում է կազմակերպության առաքելությանը` աշխատանքով, անձնական փորձով ու նախաձեռնություններով:
«Ընդհանրապես «Հասարակական ակտիվ կյանք» ասվածը հարաբերական է, որովհետև ես նույնիսկ տանը նստած միշտ որևէ բանով զբաղվում եմ և երբեք չեմ ձանձրանում: Իմ անձնական փորձով եմ շատ հաճախ օրինակ ծառայել, արդյունքները շատ դանդաղ, բայց ես տեսնում եմ»,-ասում է Զառան:
Զառա Բաթոյանը գտնում է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանցից շատ բան է կախված լիարժեք և երջանիկ կյանք ունենալու համար: Այս ամենին հասնելու համար պետք է պայքարել, բայց ոչ թե «դեմ», այլ` «հանուն»:
«Պայքարում եմ հանուն լիարժեք և երջանիկ կյանքի` բոլոր մարդկանց համար, անկախ նրանց ֆիզիկական և մտավոր տարբերություններից: Ոչ ոք մյուսից ավելի լավը կամ վատը չէ, մարդիկ տարբեր են և իրենց ազատությունն ու երջանկությունը չպետք է պայմանավորվի այդ տարբերությամբ: Ոչինչ չի փոխվի, քանի դեռ մարդիկ իրենք չեն փոխվել, հատկապես հաշմանդամություն ունեցող մարդիկ: Միայն իրենցից է կախված, կունենան այդ երջանիկ ու լիարժեք կյանքը, թե ոչ»:
Իսկ այս ժամանակահատվածում ունեցած նվաճումների մասին կարող է խոսել անվերջ, քանի որ դրանք շատ են: Զառան կարծում է, որ դրական փոփոխությունների հասնելու համար պետք է փոխվեն նաեւ մարդիկ, ինչպես օրինակ ինքն է փոխվել, դարձել ավելի պահանջատեր և ավելի ազատ:
«Կարծում եմ` ամեն ինչ իր ժամանակն ունի, և հիմա եկել է ավելի կոշտ, ավելի համարձակ գործելու ժամանակը: Այն ամենին, ինչին հասել եմ, չէի կարող մենակ հասնել, իմ ընտանիքը մշտապես կողքիս է, ընկերներս ու գործընկերներս իմ համախոհներն են, կազմակերպությունը, որտեղ աշխատում եմ, մեծ ներդրում ունի իմ զարգացման գործում: Այսօր անհամեմատելի մեծացել է մարդկանց թիվը, ովքեր հասկանում են ինձ եւ պատրաստ են աջակցել իմ գաղափարների իրականացմանը: Բոլորն էլ որևէ բանի կարիք ունեն, և ինքս էլ փորձում եմ օգտակար լինել մարդկանց»,-խոսքը եզրափակում է «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գխավոր խմբագիր, «Հույսի կամուրջ» հկ-ի ներկայացուցիչ Զառա Բաթոյանը:
Միայն մանկատներում խնամվող հաշմանդամություն ունեցող երեխաների ըստ սեռի բաշխվածությունը չէ, որ դարձել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF)-ի հրապարակած զեկույցի թեմա:
Հայաստանում վկայագրված հաշմանդամություն ունեցող երեխաները կազմում են երեխաների ընդհանուր թվի շուրջ մեկ տոկոսը (8.000 երեխա), սակայն հավանական է, որ նրանց իրական թիվն ավելի մեծ է, որոնց հաշմանդամությունը վկայագրված չէ տարբեր պատճառներով:
Թվերն իսկապես խոսուն են, իսկ դա նշանակում է, որ այս ուղղությամբ դեռ շատ գործ կա անելու:
Նյութի աղբյուր՝ http://artsunset11.blogspot.com/2013/01/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել