Կարելի է ասել, որ Հայաստանի տարատեսակ կուսակցական կառույցներն արդեն իսկ սկսել են պայքարը 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ Ազգային Ժողովում իրենց տեղն ապահովելու համար: Քաղաքական գործիչները բաց ու համարձակ խոսում են ամեն ինչից՝ պայքարում են կոռուպցիայի, սոցիալական անարդարության, իշխանության կամայականությունների, ապօրինի շինարարության կամ բնական պաշարների օգտագործման դեմ, սակայն այս համատեքստում արտառոցն այն է, որ բացի իշխող ՀՀԿ-ից որևէ մի քաղաքական ուժ իր ծրագրերում, ըստ էության, խոսք անգամ չի ասում մեր երկրի ճակատագրի համար որոշիչ նշանակություն ունեցող արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման սեփական այլընտրանքային մի որևէ ծրագրի մասին: ՀՀԿ-ի պարագան պարզ է՝ որպես խաղաղ կարգավորման հիմք այդ կուսակցական կառույցի ղեկավարը ճանաչել է Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքները: Չեմ բացառում անգամ այն, որ դեռևս 2005 թվականին Աղդամի հիշատակումով արված աղմկահարույց հայտարարությունն էր դեպի ՀՀ նախագահի նստավայրը նրա ճանապարհը հարթած հիմնական գործոնը: Բայց այսօր արդեն մի նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ձևավորվում, որը նոր մոտեցումներ է պահանջում իշխանության գալու կամ այն պահելու հավակնություն ունեցող ՀՀ բոլոր հիմնական քաղաքական դերակատարներից, իսկ այդ մոտեցումները նրանց կողմից ոչ միայն չեն հնչեցվում, այլ, անգամ, նախնական մշակումների մակարդակով գոյություն չունեն: Այսօրվա դրությամբ իշխանության կողմից պաշտոնապես հավանության արժանացած Մադրիդյան սկզբունքներն այն ոսկե միջինն են, որ փոխզիջումնային տարբերակ ճանաչվեցին «Ոչ մի թիզ հող թշնամուն» և«Հանձնենք Ադրբեջանին բոլոր տարածքներն, իսկ Արցախի կարգավիճակի խնդրի լուծումն էլ հետաձգենք անորոշ ժամանակով» երկու ծայրահեղ մոտեցումների համեմատ: Երկու տարուց պարոն Սերժ Սարգսյանը լքելու է նախագահական նստավայրն ու խաղաղ կարգավորման գործընթացի ապագայի համար պատասխանատվությունն անհատական մակարդակից տեղափոխվելու է կուսակցական մակարդակ և այս պայմաններում բանակցային նոր, իրատեսական օրակարգ մշակած կառույցն է, որ իրավամբ կդառնա ՀՀԿ իսկապես լուրջ մրցակից, ընդ որում՝ անկախ այն բանից, թե արդյոք կցանկանա մտնել ԱԺ՝ իշխանության կողմից պարտադրված խաղի կանոններին հետևելով, թե կնախընտրի գործել որպես «փողոցային» ընդդիմություն: Ներքաղաքական դաշտում միանգամայն նոր իրավիճակ կարող է ստեղծվել նաև այն դեպքում, եթե ինքը՝ ՀՀԿ-ն, հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ առաջարկի մեր և Ադրբեջանի հանրությանն ու ՄԽ համանախագահներին և, այդպիսով, Հայաստանի հասարակության մեջ իր համար շահեկան մթնոլորտ ձևավորի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: