Այսօր Հայաստան է ժամանում Վրաստանի նորընտիր վարչապետ Իվանիշվիլին: Երկար չեմ ցանկանում խոսել, թե դարեր շարունակ վրացիները ինչպիսի վարքագիծ են դրսևորել հայոց պետականության ու հայության հանդեպ, վարքագիծ, ինչը որ մարդկային չափանիշներով կույր ապերախտության, անշնորհակալության ու ամբարտավանության դրսևորման փայլուն օրինակ կարող է հանդիսանալ: Այսպես եմ ասում, որովհետև դարեր շարունակ, և դժբախտաբար այսօր էլ, սրանց պահվածքը ճիշտ հակառակն է իրենց իսկ կողմից մշտապես ի ցույց դրված ու հռչակված ազնվության ու արժանապատվության, բարոյականության ու արդարության, բարեկամության ու փոխօգնության, հավերժ եղբայրության ու փոխհասկացողության մասին պատկերացումներին ու գաղափարներին: Մեր վրացի հարևաններին, իրենց պատմության ողջ ընթացքում առաջնորդել և այսօր էլ առաջնորդում է ընդամենը մեկ գերագույն գաղափար` ինչ գնով ուզում է լինի պանծացնել սեփական ես-ը, ամեն կերպ ի ցույց դնել իրենց «ազգիշ» վսեմությունն ու վեհությունը: Սակայն, այս պարագայում, չափազանց տարօրինակ է մեր` հայերիս վարքագիծը: Մենք մշտապես ներողամտորեն ու ըմբռնումով ենք մոտենում սրանց ցանկացած արարմումքին, միշտ «չտեսնելու» ենք տալիս ապերախտության ամեն մի դրսևորում, այսպես ասած՝ հանդուրժողականություն ենք ցուցաբերում: Ես կասեի ՍՈՒՏ հանդուրժողականություն, քանզի այն աչքի է ընկնում քայլ առ քայլ նահանջով, զիջողականությամբ ու մեզ համար անընդհատ ավելացող կորուստներով: Սա հանդուրժողականություն, կամ ինչպես այսօրվա մեր քաղաքակրթվածներն են ասում, տոլերանտություն չէ, քանզի ճշմարիտ հանդուրժողականությունը երկկողմ է լինում, իսկ մշտնջենական միակողմանի հանդուրժողականությունը, որը մենք ենք որդեգրել, ժողովուրդը որակում է որպես ԷՇՈՒԹՅՈՒՆ:
Ահա այսօր էլ, այս այցը ևս, վստահ եմ, դարավոր բարեկամության, Հայոսի և Քարթլոսի մշտնջենական եղբայրության սցենարով բեմադրված թատերականացված ներկայացման բնույթ է ունենալու: Ոչ մի լուրջ խոսակցություն էլ չի լինելու: Այնինչ խոսելու շատ բան կա և կարևորը, որ դատարկ խոսակցությունների, սուտ խոստումների ժամանակն արդեն վաղուց սպառված է:
Այսօր մեկ և միայն մեկ կարևորագույն պահանջ պիտի դրվի վրացիների առջև. 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԱՌԱՆՑ ԱԲԽԱԶՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ, ԲԱՑ ԱՆԵԼ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ, ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ: 
Այս պահանջի իրականացումը միայն վրացիներից է կախված, և այդ պահանջը չկատարելու բոլոր պատճառաբանությունները հայության կողմից ընկալվելու են որպես հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ թշնամանքի արտահայտություն, դրանից բխող բոլոր հետևանքներով:
29.08. 2011-ին` մեկ և կես տարի առաջ, Աբխազիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբը ռուսական «Կոմերսանտ» (Комерсантъ) գործակալությանը տված իր առաջին հարցազրույցներից մեկում ասել էր. «Աբխազիան պատրաստ է բաց անել երկաթուղային տարանցիկ հաղորդակցությունը դեպի Հայաստան»: Այսինքն՝ Աբխազիան պատրաստ է, Ռուսաստանը դեմ չէ, Հայաստանը կողմ ու կողմ է, ավելին` եղբայրաբար խնդրում ու աղաչում է, մնում է Վրաստանը: Պարզ և հստակ տրամաբանություն: 
Այս հարցի առավել մանրամասն հիմնավորումը տես` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել