Ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին նկատվել է արտահանման աճ: Սա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ այս ամիսներին Հայաստանից արտահանվող ապրանքների պոտենցիալ շուկաներում նկատվել է որոշակի կայունություն:
Քանի որ Հայաստանն արտահանումն իրականացնում է հիմնականում դեպի ռուսական շուկա, ուստի հենց վերջինիս կայունացումն ուղղակիորեն նպաաստել է ՀՀ արտահանման ծավալներին:
Մյուս կողմից նկատենք,.որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-փետրվարին 4,7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Շինարարության ծավալը կրկին աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2,1 տոկոսով:
2015թ. հունվար-փետրվարի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն աճել է 9,8
տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 2,5 տոկոսով: Արտահանման ծավալները կտրուկ ավելացել են՝ 23,6 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 12,2 տոկոսով: Կայունացել են հատկապես գունավոր մետաղների գները:
Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճ է գրանցվել հագուստի, ծխախոտի, խմիչքի, սննդամթերքի, ինչպես նաև հանքագործական արդյունաբերության ճյուղերում:
Սա նշանակում է, որ խմիչքի ոլորտը, որի արտահանման մեծ մասը բաժին է ընկնում ԱՊՀ երկրների շուկային, իր վրա զգացել է կայունությունը, և ընկերությունները փորձում են իրենց արտադրանքն արտահանել այլ շուկաներ:
Կարծում եմ արտաքին շուկաների կայունացումը հետագայում նպաստելու է արտահանման ծավալների աճին: