«Այստեղ ապրիլի 17-ին նշանակված քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են ՀՀԿ-ի կողմից գործող քաղաքապևո Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագրի» կողմից՝ Սասուն Միքայելյաևը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից՝ Արթուր Միսակյանը, ինքնաառաջադրվել են անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը և ՀՀԿ անդամ Գրիգոր Ռաֆայելյանը։ Ակնկալվում է լարված ընտրապայքար։

 


Բայց նախընտրական ընտրապայքարը դեռ ինչպես հարկն է չմեկնարկած, Հրազդանի քաղաքապետի ընտրության բանը հասավ «դիվանբաշուն»: Գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբը երեկ դիմել է գլխավոր դատախազություն՝ քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի կողմից մարտի 21-ին Հրազդանի մի շարք հանրակրթական դպրոցներ այցելությունների հետ կապված:

 

Ա.Դանիելյանի նախընտրական շտաբի պետի իրավաբանական հարցերով տեղակալ Վ.Հարությունյանի ստորագրությամբ գլխավոր դատախազությանը հասցեագրված դիմումի մեջ նշված է.

 

«ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը 2016 թվականի մարտի 21-ին այցելել է Հրազդան քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցներ՝ փորձելով ճնշումներ գործադրել կրթական հաստատությունների ղեկավարների վրա և նրանց ներքաշել նախընտրական գործընթացների մեջ:
 

Նիկոլ Փաշինյանը հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամերին, որպես շտաբի պետ այցելելով դպրոցներ, փորձել է իրականացնել քարոզչական և քաղաքական գործունեություն: Ուսումնական հաստատությունները Հայաստանի օրենսդրությամբ չունեն որևէ ուղղակի առնչություն ընտրությունների կազմակերպման հետ: Նման գործառույթ վերապահված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:

 

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական թեմայով արդեն հանդիպում ունեցել էր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ, որի մասին վկայում է նաև Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը: Ավելին՝ ըստ մամուլի տեղեկությունների, ընտրությունների կազմակերպման հարցերով նա հանդիպել էր նաև տարբեր պաշտոնատար անձանց հետ:

 

Այսքանով հանդերձ, մեղմ ասած, անհասկանալի է Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի երեկվա շրջագայությունը պետական ուսումնական հաստատություններ, որոնց կանոնադրական նպատակների մեջ չի մտնում ընտրությունների կազմակերպման հետ կապված որևէ գործառույթ...»:

 

Իրավական տեսանկյունից դատախազությունը կամ իրավապահ մարմինները իրենց պատասխանը կասեն: Սակայն առանց իրավականի, Նիկոլ Փաշինյանի արածը իսկապես էլ դպրոցների տնօրենների վրա հոգեբանական ճնշում գործադրելու, ամենաքիչը՝ նրանց վրա ազդելու փորձ է: Նկատի առնենք, որ նա ԱԺ պատգամավոր է, և այս քայլը նաև օրենսդիր իշխանության ներկայացուցչի կողմից իր լիազորությունները չարաշահելու տպավորություն կարող է թողնել:

 

Մի ուրիշ բան էլ կա: Այս ամբողջ ընթացքում, Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կապակցությամբ, անընդհատ շոշափվում է Նիկոլ Փաշինյանի անունը: Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Կոտայքի մարզպետին: Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Հրազդանի միլպետին: Նիկոլ Փաշինյանը գնաց դպրոց:


Ո՞վ է Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրվել. Սասուն Միքայելյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը: Թե՞ Նիկոլ Փաշինյանի համար Հրազդանի քաղաքապետի ընտրության հետ կապված այս ակտիվությունն ընդամենը սեփական «փիառ»-ը անելու հարմար առիթ է, որից էլ նա լիուբոլ օգտվում է: Այսպես ասած՝ մարզումներ 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ:
Իսկ այդ «փիառ»-ը կապ ունի՞ Հրազդան քաղաքի, այդ քաղաքի խնդիրները լուծելու հետ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել