Tert.am-ը գրում է.
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ–ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ իրեն դուր չի գալիս, որ ԱԺ բարձր ամբիոնն օգտագործվում է ստեր տարածելու համար:
 
«Իմ դուրը չի գալիս, որ հրապարակավ հայտարարում են, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ չէ ցուցակների հրապարակմանը: Հարգելիներս, անթույլատրելի է ստելը, բարձր ամբիոնից առավել ևս»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
 
Նա անգամ անգլերենով կարդաց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հատուկ Լևոն Բարսեղյանի ու Լևոն Զուրաբյանի համար:
 
Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ առանձին հարցրել է այդ մասին վենետիկցիներին, որոնք հավաստիացրել են, որ նման բան չեն գրել:

Նա կոչ է անում, եթե մի բան ընդդիմությանը դուր չի գալիս, թող ներկայացնեն առավել լավ առաջարկներ:
 
Ընդդիմության՝ տարածքների հետ կապված փաստարկներն էլ Դավիթ հարությունյանին դուր չեն գալիս:

« Դուք ասում եք, որ մի ցուցակում կարող է լինել 1 մարզպետ, 5  գյուղապետ , 4 գյուղապետ, իհարկե, կարող են լինել: Բայց մրցակից ութ կուսակցություններում էլ, հակառակ տեսանկյունից նայենք, կարո՞ղ է ամեն մեկը մի գյուղից, մի տոհմից մի ներկայացուցիչ դնի ու ձայները գնան այնտեղ, իհարկե, կարող է: Ամեն ինչ էլ կարող է: Հարց՝ արդյո՞ք սա ժողովրդավարական մեխանիզմ է, այո՛, արդյո՞ք տալու է փայլուն արդյունքներ, բայց կխթանի տեղերում քաղաքական կուսակցությունների զարգացումը: Այլ ճանապարհ չկա»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Ընտրատարածքների հետ կապված որոշ առաջարկներն ընդունելու դեպքում, ըստ նրա, կտարվի  «երևանյան քաղաքականություն»: «Սա՞ ենք մենք ուզում... առանց այդ էլ մեր երկրի տնտեսական, մտավոր պոտենցիալը գալիս կուտակվում է Երևանում ու մենք նման ենք մի քիչ շերեփուկի»,- ավելացրեց նա:
 
Անդրադառնալով ելույթ ունեցողների հիմնական մասի բարձրաձայնումներին՝ Դ. Հարությունյանը հավատացրեց, որ կենտրոնացված համակարգը շատ ավելի հեշտ է կառավարել, քան խորհրդարանական կառավարման համակարգը:
 
Կառավարության –աշխատակազմի ղեկավարը կեսկատակ-կեսլուրջ, անդրադառնալով մատը թանաքոտելու առաջարկներին, նշեց, որ ավելի պապական մեթոդ կա՝ կարելի է մատը կտրել:
 
Այնուամենայնիվ, ամբիոնից հեռանալուց առաջ, նա խոստացավ դիտարկել ու քննարկել հնչած բոլոր առաջարկները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել