Ֆեյսբուքի լրահոսը թերթելիս Հանրապետական կուսակցության վերջին համագումարից մի կադր ընկավ աչքիս` բրեժնեւյան ժամանակները հիշացնող մի նկար, ու հանկարծ ես հիշեցի, որ էդ կուսակցությունն ախր Աշոտ Նավասարդյանն էր հիմնել` Հայաստանի անկախության համար սովետական ռեժիմի դեմ պայքարած ու էդ պայքարի համար բանտ նստած մի մարդ: Եվ մենակ Աշոտը չէր, իրա կողքին էլի մարդիկ կային, որ Հայաստանի անկախության երազանքն էին ունեցել ու էդ երազանքի իրականացման համար պայքարել` վտանգելով իրանց ճակատագիրը: Էդ մարդիկ հիմա էլ հանրապետական կուսակցության անդամ են, մեծ մասը` Ազգային ժողովի պատգամավոր: Ուրեմն ո՞նց եղավ, որ սովետական ռեժիմի դեմ պայքարող անկախականների հիմնադրած կուսակցությունը էսօր դարձավ Սովետական Միության վերջին տասնամյակների կոմունիստական կուսակցությունը հիշացնող մի կառույց, որը նստել ա իշխանության թախտին եւ ոչ մի կերպ չի ուզում հեռանալ:
Աշոտ Նավասարդյանի մասին կենսագրական նյութերում ասվում ա, որ ինքը հանրապետական կուսակցությունը հիմնադրեց նժդեհականության, մասնավորապես ցեղակրոնության հիմքի վրա: Ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց ակնհայտ ա, որ սովետական շրջանի անկախականների մեջ եղել ա երկու թեւ, կարճ սենց ձեւակերպեմ` ցեղակրոն անկախականներ եւ քաղաքացիական անկախականներ: Էս երկրորդ թեւի ամենավառ ներկայացուցիչը Պարույր Հայրիկյանն ա: Բայց հաղթեց, վերջին հաշվով, առաջին թեւը` ցեղակրոննժդեհական:
Գիտեմ, ինձ կառարկեն, թե էսօրվա Հանրապետականում Աշոտի հիմնածից եւ նույնիսկ Անդրանիկ Մարգարյանի ժամանակներից շատ քիչ բան ա մնացել, տեղի ա ունեցել անաղմուկ հեղաշրջում` իշխանությունն անցել ա էն մարդկանց, որոնք ոչ մի գաղափարախոսություն էլ չունեն, բայց հենց իրանք էլ որոշում են ամեն ինչ, իհարկե` Սերժի գլխավորությամբ: Էս ամեն ինչը տենց էլ կա, բայց պատճառը, որ հանրապետական կուսակցության մեջ հին գաղափարականները էդքան հեշտ նահանջեցին եւ դիմադրություն չկարողացան ցույց տալ, կարծում եմ հենց իրանց գաղափարախոսությունն ա` նժդեհականություն/ցեղակրոնությունը: Էդ գաղափարախոսությունը ոչ մի ձեւով համատեղելի չի ներկա քաղաքական իրողությունների հետ, փոխարենը շատ հեշտ օգտագործելի ա քաղաքական մանիպուլյացիաների համար` որպես իրական խնդիրները շղարշող վարագույր: Դրա համար էլ Սերժի եւ Սերժի հետ եկած նոր կադրերի համար էդքան հեշտ եղավ էդ գաղափարախոսությունը որպես հագուստ հագնելը` զրկելով դրանք որեւէ բովանդակությունից:
Իմ համար էս թեմայով բավական դժվար ա գրելը, որովհետեւ ես ոչ էսօրվա հանրապետականը ներսից գիտեմ, ոչ էլ անցյալի հանրապետականը կամ սովետական շրջանի անկախականներին եմ լավ իմացել: Բայց մեկ ա` հարցը ծագեց ներսումս, ու ես ուզեցա դրան անդրադառնալ, որովհետեւ մեկ ուրիշը չեմ նկատել, որ էս խնդրին անդրադարձած լինի: Գուցե գտնվեն մարդիկ, որ ավելի մոտից են տեղյակ նշածս գործընթացներին եւ ուզենան շարունակել խոսակցությունը, որը, իմ կարծիքով, ակտուալ ա, մանավանդ որ Պարույր Հայրիկյանը էս ընտրություններում դրեց իրա թեկնածությունը: