Tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետական և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ նշելով, որ սա է պատճառը, որ երկու ուժերի միջև վերջերս ստորագրված Քաղաքական համագործակցության մասին համաձայնագրի կատարման ուղղությամբ դեռևս որևէ հրապարակին քայլեր չեն նախաձեռնվում:
Քաղաքագետը նշեց, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին փաստաթուղթը բավական լուրջ նպատակներ է հետապնդում և մեկ օրում իրագործվել չի կարող:
«Գոնե այս պահին դեռ բարդ է մեծ սպասելիքներ ունենալ: Առայժմ կադրային վերաբաշխման փուլն է ընթանում, որին կհաջորդի անելիքի փուլը: Քանի որ համագործակցության ֆորմատը վերաբերում է մինչև 2017 թվականը, լուրջ սպասելիքներ ունենալ պետք չէ: Ամեն ինչ կիրագործվի դրանից հետո: Հիմա աշխատանքի նախնական փուլն է, դրա համար պաշտոնների վերադասավորումներն են արվում»,- նկատեց Վիգեն Հակոբյանը:
Քաղաքագետն ասաց, որ համագործակցության փաստաթղթի նպատակներն, իհարկե, դեկլարատիվ են, ինչպես ցանկացած հուշագրում, բայց դրանք ուժերի համատեղ աշխատանքի արդյունքում կարող են իրականացվել՝ համապատասխան կամքի կիրառման պարագայում, ոչ շուտ, քան 2018 թվականը:
«Կրկնում եմ, աշխատանքը կերևա ընտրություններից հետո միայն: Հիմա քաղաքական երկու ուժերն էլ պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, որ ամրացնեն իրենց ստարտային դիրքերը, գազ տան, որ կարողանան իրենց համար ցանկալի արդյունքը ապահովել»,- հավելեց Հակոբյանը:



