Tert.am-ը գրում է.
ԲՀԿ-ն շուրջ 30 առաջարկներ է նախատեսել Ընտրական օրենսգրիք նախագծում ներառելու համար և պատրաստվում են այն ներկայացնել. ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա` առաջին հարցը ստորագրված ցուցակների հրապարակումն է: Պատգամավորը բացարձակ անընդունելի է համարում լրագրողների ու դիտորդական խմբերի սահմանափակումները: «Հույս ունենք այդ նախաձեռնության հեղինակները հետ կկանգնեն այդ դրույթից»,-ասաց նա:
Ըստ Զուրաբյանի՝ իրենք կարևորում են նաև այն խնդիրը, որ կուսակցությունները մեկի փոխարեն երկու վստահված անձ ունենան: Նաև անթույլատրելի է համարում այն, որ հանձնաժողովը կարող է դիտորդին դուրս հրավիրել, ինչը կարող է կամայական լինել:
Կարևոր խնդիր համարեց ազգային փոքրամասնությունների առանձին ցուցակի անհրաժեշտության խնդիրը: Նա հաստատեց, որ ազգային փոքրամասնությունները պետք է ԱԺ-ում տեղ ունենան։ Խտրական մոտեցում կլինի, որ ազգությամբ հայերն այլ ցուցակով գնան, ազգային փոքրամասնություններն՝ այլ ցուցակով:
«10-15 առաջարկ ևս կան, որոնք կներկայացնենք»,-ասաց նա:
Հարցին, թե ՀԱԿ-ի նախաձեռնած միասնական պլատֆորմին ԲՀԿ-ի չի՞ միանալու, Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե իրենց դիմել են միանալու հարցով: «ԲՀԿ-ում հարցը քննարկվել է, գրեթե բոլոր առաջարկները, որոնք ներկայացված են նաև մեր փաթեթում ներառված են և ունենալով նախկին փորձը, ԲՀԿ-ն որոշել է որևէ երկյակ, եռյակ, պլատֆորմ ֆորմատներով հանդես չգալ: Մենք պատրաստ ենք բոլոր քաղաքային ուժերի հետ միասին պաշտպանել առաջարկները»,-ասաց նա և հավելեց, թե տեսանելի ապագայում իրենք չեն ցանկանա իրենց կաշկանդել տարբեր ֆորմատներով:
Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե ինքը ռեալիստ է և նույնիսկ իդեալական օրենսգիրքը, եթե չկա քաղաքական կամք, ոչինչ չի փոխելու: «Բայց գոնե հնարավորություն կտա կեղծիքները մեղմացնել, որը հասցվել է մեզանում ոսկերչական ճշգրտության»,-ասաց նա:



