Մեկ անգամ չէ, որ խոսվել է կոռուպցիայի բացասական ազդեցության մասին: Ինչպես գիտենք մեր երկրում կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու համար ստեղծվել է «Հակակոռուպցիոն հանձնաժողով», որի գործունեությանը աջակցում են ՀՀ և ԱՄՆ կառավարությունները: Այսպիսով 2016 թվականի մարտի 17-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը: Ընդունված որոշումը հնարավորություն կտա ապահովել ծրագրին վերաբերող համաձայնագրով տրամադրվող ֆինանսական ռեսուրսների արդյունավետ և թափանցիկ կառավարումը:
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի որոշմամբ փորձագետների ընտրության համար սահմանված են բավականին հստակ չափանիշներ: Օրինակ՝ իրավաբանության, հանրային կառավարման, տնտեսագիտության ոլորտների բարձրագույն կրթություն, հակակոռուպցիոն, հանրային քաղաքականության, արդյունավետ կառավարման ոլորտների առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ հատկապես անցումային շրջանի երկրներում, միջազգային հակակոռուպցիոն ռազմավարության կազմման լավագույն փորձի և դրա իրականացման, աշխատանքային փորձ հակակոռուպցիոն քաղաքականության և հակակոռուպցիոն ծրագրերի մշակման ոլորտներում, հակակոռուպցիոն ոլորտում կարիքների գնահատման, ռիսկերի վերլուծության, ռիսկերի նվազեցման և չեզոքացման ծրագրերի մշակման ունակություն, ինչպես նաև ՀՀ հակակոռուպցիոն գործունեության վերաբերյալ գիտելիքների առկայություն և այլն:
Առավել արդունավետ աշխատելու և տեղի խնդիրներին մանրամասն ծանոթանալու համար ծրագիրն իր մեջ ներառում է նաև շահագրգիռ կողմերի` հասարակական կազմակերպությունների, միջազգային դոնոր կազմակերպությունների, ոլորտի փորձագետների հետ տարբեր ձևաչափերով քննարկումները և խորհրդակցությունները: