Tert.am-ը գրում է.

ԱԺ ճեպազրույցների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով Մատաղիսի գործով ՄԻԵԴ-ի որոշմանը՝ այն համարեց նախադեպային և հույս հայտնեց, որ կկրի կանխարգելիչ բնույթ:


« ՀՀ-ն դեռևս ժողովրդավար պետություն չէ, և դատական համակարգը լիարժեք չի գործում: Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր ապօրինի կերպով գտնվում են անազատության մեջ, իսկ իրական հանցագործները, այդ թվում՝ նաև սպանություն իրականացնողները, գտնվում են ազատության մեջ»,-ասաց նա:


Փոստանջյանը հիշեցրեց, որ 12 տարի առաջ, երբ ՀՀ-ն ԵԽ-ին անդամակցության երկու տարվա պատմություն ուներ, ոչ ոք չէր հավատում, որ ՀՀ-ն կարող է դիմել ՄԻԵԴ:


«Միգուցե 12 տարին շատ երկար է, բայց նման օրինակները պետք է մեզ ոգևորեն, և մենք չպետք է հրաժարվենք պայքարից: Սա վերաբերում է նաև մեր քաղաքական պայքարին»,-ասաց Փոստանջյանը:


Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մարտի 17-ին հրապարակել է «Մատաղիսի» գործով ներկայացված գանգատի վերաբերյալ վճիռը:

Եվրադատարանը վճռել է, որ Հայաստանը պետք է 20 հազ. եվրո վճարի Արայիկ Չալյանին և 15-հազարական եվրո` մյուս երկու հայցվորներին` Ռազմիկ Սարգսյանին ու Մուսա Սերոբյանին` որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել