Tert.am-ը գրում է.
Մարտի 15-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ  Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում ու Հայաստանում խաղաղության պահպանմանը և երկու հայկական պետությունների բարգավաճմանը նպաստելու և Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին աջակցելու նպատակով կազմակերպված միջոցառմանը:Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
 
ԼՂՀ  ներկայացուցիչն իր ելույթում երախտագիտություն է հայտնել հանձնախմբին միջոցառումը կազմակերպելու համար և ընդգծել շարունակական և միասնական ջանքերի կարևորությունը:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքի քաղաքապետ Ջեկ Հաջինյանը և հանձնախմբի միջոցառումներին մասնակցելու նպատակով Վաշինգտոնում գտնվող Քերոլայն Քոքսի անվան Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը:
 
Միջացառումը վարում էր Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը։

Իրենց ելույթներում ԱՄՆ Կոնգրեսի անդամները հավաստիացրել են, որ շարունակելու են աջակցել Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովմանը, խաղաղության հաստատմանն ու պատմական արդարության վերականգնմանը՝ ընդգծելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Հայոց Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանն իր խոսքում անդրադարձել է կենտրոնի գործունեությանը, նշելով այդ մարդասիրական ձեռնարկի կարևորությունն Արցախի և տարածաշրջանի համար՝ ներկայացնելով կենտրոնի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները:

Միջոցառմանը ներկա են եղել նաև կոնգրեսականների գրասենյակների և ՀՀ դեսպանության աշխատակիցներ, քրդական և եզդիական քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ և ամերիկահայ համայնքի անդամներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել