Եղանակի տեսությունն այս օրերի ամենապահանջված թեման է: Սպասվող ցրտահարությունն ի՞նչ չափով կարող է վնասել գյուղատնտեսական մշակաբույսերին և, հետևաբար, բացասական հետևանք ունենալ 2016-ի բերքի համար: Այս հարցով սկսվեց նաև ՀՀ կառավարության մարտի 17-ի նիստը:
Բացելով այն, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պարզաբանման համար ձայնը տվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Նախարարը տեղեկացրեց, որ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տվյալներով Արարատյան դաշտի որոշ տարածքներում՝ Զվարթնոց, Փարաքար, Մերձավան համայնքների այգիներում, այս գիշեր գրանցվել է մինչև 5-6 աստիճան ցուրտ: 1-2 աստիճան է եղել Արմավիրի և Տավուշի մարզերում: Նախարարության մասնագետների խորհուրդն այգետերերին նույնն է՝ օգտագործել ցրտահարության դեմ պայքարի ավանդական եղանակները՝ ծխահարումը և ոռոգումը:
Նախարարի խոսքով, դեռ վաղ է նշել ցրտահարության պատճառած վնասի չափը, քանի որ առաջիկա օրերին ևս ցածր ջերմաստիճանը պահպանվելու է: Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը մեր երկրի տարածքին է մոտենալու հզոր անտիցիկլոնը, որի հետևանքով կանխատեսվում է ջերմաստիճանի անկում ևս 2-4 աստիճանով: Դրանից հետո միայն կարելի կլինի ի մի բերել ցրտահարության հետևանքները: