Tert.am-ը գրում է.
Ոչ ոք իրավունք չունի խախտել Սիրիայի օդային տարածքը, Ռուսաստանը Սիրիայում կկիրառի հակաօդային պաշտպանության միջոցները ցանկացած թիրախի ուղղությամբ, որը ռուս զինծառայողների համար սպառնալիք կհամարի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է РИА Новости-ն:
 
«Մենք ելնում ենք միջազգային իրավունքի հիմնարար նորմերից, ոչ ոք իրավունք չունի խախտել Սիրիայի ինքնիշխան օդային տարածքը: Ամերիկյան կողմի հետ ստեղծվել և արդյունավետ աշխատում է օդում միջադեպերի կանխման մեխանիզմ, բայց բոլոր գործընկերները նախազգուշացվել են և գիտեն՝ մեր ՀՕՊ համակարգերը կկիրառվեն բոլոր թիրախներով, որոնք մենք սպառնալիք կհամարենք ռուս զինծառայողների համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ցանկացած թիրախներով»,- ասել է Պուտինը:
 
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ ՌԴ-ն անհրաժեշտության դեպքում կարող է ավելացնել Սիրիայում իր ներկայությունը։ Ընդ որում՝ նա նշել է, որ ռազմական սրումը Ռուսաստանի ընտրությունը չէ, և հույս է հայտնել սիրիական ղեկավարության և ընդդիմության խելամտության առնչությամբ։
 
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Պուտինը հրահանգել է ՌԴ պաշտպանության նախարարությանը սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական զորակազմի հիմնական մասը՝ նշելով, որ այն ընդհանուր առմամբ կատարել է իր առաջ դրված խնդիրները: Մարտի 15-ից ՌԴ ավիատիեզերական ուժերի ինքնաթիռները սկսել են վերադառնալ Ռուսաստան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել