Ըստ կառավարության որոշման՝ ավելացել է Ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը. ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմը ներկայիս 60-ից դարձել է 65 տարեկան: Դա հնարավորություն կընձեռի Ծրագրում ընդգրկելու ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների:

Ավելացել է նաև Ծրագրով ձեռքբերվելիք բնակարանների առավելագույն արժեքը՝ ներկայիս 16 մլն դրամի փոխարեն սահմանվել է 25 մլն դրամ, ինչը հնարավորություն կտա շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն: Նվազեցվել է Երևան քաղաքում տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը:

Ավելացվել է ձեռքբերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը. ներկայիս 11,2 մլն դրամը դարձվել է 17,5 մլն դրամ (ձեռքբերվող բնակարանի արժեքի 70%-ը):

Մեկ այլ որոշմամբ գործադիրը սահմանեց աղետի գոտում պետական աջակցությամբ կառուցված և հատկացված բնակարանների նկատմամբ նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետը:

Ծրագրով Գյումրի և Սպիտակ քաղաքներում կառուցվել և հատկացվել է 2990 բնակարան, սակայն նվիրատվության պայմանագիր է կնքվել ընդամենը 2117-ի հետ: Դեռևս խնդիր է մնում ապահովել մնացած 873 բնակարանի նվիրատվության պայմանագրերի կնքման և սեփականության իրավունքի գրանցման գործընթացը:

Եվ քանի որ բնակարան ստացած ընտանիքները հիմնականում չեն կատարում իրենց զբաղեցված ժամանակավոր կացարանի ազատման հանդիպական պարտավորությունը, վերջնաժամկետ սահմանվեց ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը, որից հետո գույքը կնվիրաբերվի համայքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել