Իշխանությունները պատրաստ են վերանայել Ընտրական նոր օրենսգրքում ԶԼՄ-ների և դիտորդների թվի սահմանափակման հարցը. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ընտրական նոր օրենսգրքի համահեղինակ Դավիթ Հարությունյանը: Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից ԸՕ-ի վերաբերյալ հնչեցրած դիտողություններին, առաջարկներին, ապա Հարությունյանն ասաց, թե դրանք կքննարկվեն:
- Ընտրական նոր օրենսգրքի քննարկումները մեկնարկել են, ընդդիմությունը բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել: Որո՞նք են իշխանությունների համար ընդունելի:
- Առանց քննարկման երևի ոչ մի առաջարկություն: Յուրաքանչյուր առաջարկություն պետք է քննարկվի: Շուտով կմեկնարկեն հարցի խորհրդարանական քննարկումները, նշանակված են մի շարք հանդիպումներ և այն ժամանակ էլ կքննարկենք առաջարկները, որոշում կկայացնենք:
- Ամեն դեպքում առաջարկները հնչեցվել են: Չկա՞ որևէ առաջարկ, որին դուք սկզբունքորեն դեմ չեք:
- Միանշանակ չէ, պետք է քննարկենք առաջարկների դրական, բացասական կողմերը, տեսնենք՝ արդյոք այլընտրանք կա՞, չկա՞ այդ առաջարկին:
- Ընդդիմության համար շարունակում է առանցքային մնալ ընտրացուցակների հրապարակման հարցը:
- Ցուցակների հրապարակման հարցում մեր կարծիքն անփոփոխ է: Հաշվի առնելով հարցադրումները, որոնք հնչել են մինչև հիմա, որոշել ենք ընտրական նոր օրենսգրքում ընդգրկել լրացուցիչ մեխանիզմներ, որոնք գործող օրենսգրքում չկան: Խոսքը վստահված անձանց և դիտորդներին տրված հնարավորության մասին է՝ ծանոթանալու ընտրությանը մասնակցած անձանց ցուցակներին, եթե ներկայացվի նման դիմում: Կարծում ենք, որ սա լրացուցիչ երաշխիք է, լինի ընդունելի՝ կգնանք առաջ: Եթե ժամկետը, որը տրված է ցուցակներին ծանոթանալու համար, քաղվածքներ անելու համար, համարվի քիչ, կարող ենք քննարկել ժամկետի հարցը:
- Հնարավո՞ր է վերանայվի ընտրատեղամասում դիտորդների և լրագրողների ներկայության թվի սահմանափակման մասին դրույթը:
- Այո, հնարավոր է վերանայվի: Այս առումով մենք սպասում ենք օրինակ՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առաջարկներին: Մենք չէինք ուզենա, որ լինեին կեղծ դիտորդներ, կեղծ ԶԼՄ ներկայացուցիչներ, որոնք իրականում աշխատում են այս կամ այն թեկնածուի կամ քաղաքական ուժի համար: Պարոն Քոքոբելյանը, օրինակ, առաջարկեց այլ մեխանիզմ հարցը լուծելու համար, ասաց, որ եթե ուզում է ԶԼՄ ներկայացուցիչը ներկա գտնվի, պիտի հավատարմագրի՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր, օրինակ՝ եկամտահարկի վճարը՝ որպես տվյալ ԶԼՄ ներկայացուցիչ: Վատ մեխանիզմ չէ, բայց արդյոք այն ընդունելի՞ է ԶԼՄ ներկայացուցիչների համար: Մենք ճկուն ենք, պատրաստ ենք դիտարկել ցանկացած հարց:
- Իսկ պատրա՞ստ եք առհասարակ հանել այս դրույթը:
- Դրույթը ինքնանպատակ չէ: Կրկնում եմ, մենք ունենք մտահոգություններ, որ այս մեխանիզմով կա վտանգ, որ թեկնածուները, քանի որ չունեն վստահված անձինք, կփորձեն օգտագործել ԶԼՄ-ներին, դիտորդներին՝ իրենց իրական վստահված անձանց տեղամաս բերելու համար: Բազմիցս նման դեպքեր եղել են, բազում անգամ միջազգային դիտորդներն էլ ներկայացրել հարցը: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ հիսունից ավել մարդ է եղել ընտրատարածքում՝ օրինական պայմաններում:
- Նախագծի համաձայն հանձնաժողովի նախագահը կարող է դուրս հրավիրել դիտորդին: Սա սահմանափակում չէ՞: Այս առումով որևէ փոփոխության պատրա՞ստ եք:
- Կարծում եմ, որ սա ողջամիտ սահմանափակում է: Ցավոք, ոչ բոլոր դիտորդներն են գիտակցում՝ իրենք ինչ պետք է անեն, իրենց հիմնական գործը դիտարկել է, իսկ նրանք խաթարում են ընթացքը: Ուստի մեզ թվում է, որ հանձնաժողովի 1/3-րդի ներկայությունը ողջամիտ է:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/16/davit-harutyunyan/1964449
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



