ՄԻԱԿ քարտուղար |
Փորձագիտական որոշակի շրջանակներ արդեն սկսել են զուգահեռներ տանել սպասվելիք և 1991թ. նախագահական ընտրությունների միջև: Նման մոտեցումը, անշուշտ, հիմնազուրկ չէ: Նախ` այն ժամանակ ու հիմա թեկնածուներից մեկը ընտրամարաթոնի ընդգծված առաջատարն է/էր: Բոլոր նախադրյալները կան, որ այս ընտրությունները լեգիտիմության աստիճանով կլինեն գրեթե նույն մակարդակին, ինչ 1991-ին էր: Եվ վերջապես ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա ընդդիմությունը, ըստ էության, չկարողացավ միասնական թեկնածու առաջադրել: Ինչ խոսք, առկա են նաև որոշակի տարբերություններ, որոնց թվում առավել նշանակալին, թերևս` հասարակության տրամադրվածությունն է կամ, այլ կերպ ասած, ժողովրդական սպասումն է, որ 91-ին խիստ ցայտուն էր, իսկ հիմա հանրության շրջանում ընտրությունների նկատմամբ արտաքուստ որոշակի անտարբերություն, այդուհանդերձ, նշմարվում է... Դա մեծ հաշվով, ժամանակաշրջանների առանձնահատկություններով էր պայմանավորված... Մյուս կողմից, ընտրությունները հենց այս մթնոլորտում էլ պետք է անցնեն: Երբ քաղաքական պայքարը հասնում է լարվածության պիկին, այն անխուսափելիորեն շեղում է ընտրողներին բուն խնդիրներից ու ծրագրերից: Արդյունքում ընտրությունը դառնում է առավել իռացիոնալ, «զոնդաժային» ակտ: Ասվածից չի հետևում, որ մարդիկ ձեռքները ծալած նստեն ու չպայքարեն իրենց գաղափարների համար: Պարզապես` կարելի է ջանքերն օգտագործել ընտրական հանձնաժողովներում կամ ընտրությունների նկատմամբ հասարակական վերահսկողության այլ գործողություններում: Ես կարծում եմ՝ ներկայում ձևավորված իրավիճակը նպաստավոր է այն տեսանկյունից, որ վերջապես մարդիկ հնարավորություն են ստանում կատարել Հայաստանի զարգացման տեսլականների միջև ընտրություն, այլ ոչ լավ ու վատ հռետորների կամ լավ ու վատ մանիպուլիացիոն հնարներ տիրապետողների ու կիրառողների միջև: