Tert.am-ը գրում է.
Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին նաև անկախ պատգամավորներ  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի և ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի, ինչպես նաև Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հետ:

Խաչատուր Քոքոբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բարձրացրել է կրկնաքվեարկությունների հետ կապված խնդիրը և առաջարկել կանխարգելիչ հստակ մեխանիզմ ներդնել: «Նկատի ունեմ էլեկտրոնային մատնահետքով գրանցումը: Բացի դա, եթե խոսվում է ID քարտով բոլորի կողմից քվեարկելու մասին, ապա դա պետք է լինի բացառապես այնպես, որ կանոնակարգվի մի կենտրոնից: Խոսեցիքն 97-րդ հոդվածից, որ հնարավորություն չի տալիս մյուս քաղաքական ուժերին, որոնք միասին կարող են 67% քվե ունենալ, կարողանան կառավարություն ձևավորել, խոսեցինք ընտրացուցակների մաքրումից և ընտրատեղամսերում լրագրողների թիվը 8-ով սահմանափակելուց»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Քոքոբելյանի դիտարկմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հանդես էին գալիս ավելի շատ չեզոք դիրքերից և փորձում էին խուսափել շրջադարձերից: «Եթե ավելի կոնկրետ ասեմ, ապա կարելի է ասել՝ կետ չկար, որ մեզ հասկանալի չդարձնեին: Այսինքն ՝ ներկայացրեցին իրենց մտահոգությունները և կետերը, որոնք իրենց համար ընդունելի են, որոնք՝ ոչ: Որևիցե խնդրի հետ կապված մերժողական մոտեցում ես չնկատեցի, սակայն ընդունելի էլ չի կարելի ասել, ինչը հասկանալի է, քանի որ իրենց առաքելության շրջանակում շատ բան ասելու հնարավորություն չունեն: Եթե մի քիչ ավելի ասեմ, ապա յուրաքանչյուրն ընկալում է այնքան , որքան կարող է»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ այսօր օրենսդիր մարմնում Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպում են խորհրդարանական ուժերի հետ և քննարկում են նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Արդեն իսկ հանդիպել են «Ժառանգություն», ՀԱԿ, ՕԵԿ, ԲՀԿ խմբակցությունների հետ: Այժմ Վենետիկի հանձնաժողովն ԸՕ-ն քննարկում է «Դաշնակցության» հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել