Tert.am-ը գրում է.

Վենետիկի հանձնաժողովի փորձագետները, ինչպես նաև ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի ներկայացուցիչներն այսօր հանդիպում են խորհրդարանական ընդդիմության հետ: ՀԱԿ-ի հետ հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե հինգ պահանջ են ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին և զգուշացրել՝ չընդունվելու դեպքում շարունակվելու է տարիներ շարունակ եղած ընտրակեղծիքների համակարգը:


«Առաջինը՝ ստորագրված ցուցակների հրապարակում, երկրորդը՝ ցուցակների մաքրումն է, այսինքն՝ բաժանում երկու մասին՝ ՀՀ-ում բնակվող և՛ ընտրողների, և՛ դրսում մնացողների, և որ դա արվի այնպես, ինչպես Վրաստանում արվեց, երրորդը՝ տեսախցիկների տեղադրումը և օնլայն հեռարձակումը, մատների թանաքոտում և հինգերորդը՝ ռեյտինգային ցուցակները, որը նշեցին, որ ռեյտինգային չեն, այլ ընտրատարածքային ցուցակներ են, դրանց մերժումը, այն որ գործող համամասնական ընտրակարգը պահպանվի»,- թվարկեց Զուրաբյանը:


Նաև նշել են, թե առանց քաղաքացիական հասարակության ու ընդդիմության հետ քննարկելու՝ ԸՕ հանձնաժողովը նախագծի նախնական տարբերակն ուղարկել է իրենց՝ Վենետիկի հանձնաժողովին:


ՀԱԿ պատգամավորը արձագանքից չխոսեց, քանի որ այդ իրավունքն ըստ նրա չունի: «Կարող եմ միայն ասել, որ տպավորիչ է  այն ուշադրությունը, որով այս փորձագետները և ԵԱՀԿ  ԺՄԻԳ-ի ներկայացուցիչները ուսումնասիրում են մեր փաստաթուղթը: Ասվում էր, որ ֆորմալ մոտեցում չկա: Հակառակը հետաքրքրված մոտեցում է և զգացվում է»,- ասաց նա:


Դիտարկմանը, թե իշխանությունները ցուցակների չհրապարկման համար առաջին հերթին հղում են անում Վենետիկի հանձնաժողովին, որ դա մարդու իրավունքների խախտում է և արդյոք այս հարցը քննարկել են, Զուրաբյանը նշեց, թե իհարկե քննարկել են: «Մենք ասել ենք, որ սովետական  ժամանակներից ՀՀ-ում եղել է այդ պրակտիկան, որ ընտրություններից հետո ստորագրված ցուցակները հրապարակվել են, և ես իրենց հիշեցրել եմ, որ այն ժամանակ այդ պրակտիկայի դեմ չի բողոքել և այնպես չի, որ բողոքել են և այդ պրակտիկան դադարեցրել են: Մենք ասում ենք, որ եթե խոսում ենք, որ կարևոր է ընտրողների մասնավոր կյանքի պաշտպանությունը, մենք էլ ասում ենք, պետք է հասկանանք ումից ենք պաշտպանում այդ ինֆորմացիան, այսինքն՝ իշխանությունը շատ լավ գիտի ովքեր են գնացել, հիմա ումից ենք պաշտպանում և հետո ՀՀ-ում չկա որևէ  շարժում կամ պահանջ  պաշտպանելու այդ մասնավոր կյանքը և երրոդը՝ ընտրությունների վերաբերյալ ժողովրդի հավատը շատ ավելի բարձր սկզբունք է, քան այդ ինֆորմացիայի պաշտպանության խնդիրը»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել