Մարտի 10-ին ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը կառավարությանն առաջարկ է ներկայացրել. երկու նոր՝ G և X տառեր օգտագործել ավտոմեքենաների համարանիշներում։ Դրանք շտապ պետք են. վերջացել են կլոր՝ «գոլդ» համարները, իսկ պահանջարկը շարունակում է աճել։
Կարելի է ամփոփել, որ Հայաստանում մեծ պահանջարկ ունեն ավտոբուսների տոմսերը, որոնցով մարդիկ երկար, բայց էժան… արտագաղթում են, դեպի Ռուսաստան, ու «գոլդ» համարները, որոնցով շատ-շատերը ուզում են ցույց տալ, որ իրենք ուրիշ են, զորեղ են, բարձր են հասարակ քաղաքացիներից։
Անգլիացի գրող Ուիլյամ Թեքերեյը վեպ ունի, կոչվում է «Սնափառության տոնավաճառ»։ Ավելի դիպուկ չես ասի. երկրի բնակչության մեկ երրորդը աղքատ է, սրանց սիրտը կլոր համար է ուզում։ Իսկական սնափառության տոնավաճառ։
Մարտի 10-ի նիստին Հովիկ Աբրահամյանը հարցրել է փոխոստիկանապետին՝ «Ինչքա՞ն եկամուտ եք ստացել այս համարների վաճառքից»: Սա չի էլ իմացել։ Ասել է՝ ահագին մեծ գումար։ Հետաքրքիր է, նույնը կպատասխանե՞ր, եթե խոսքը վերաբերեր անձնական գումարներին՝ հայտարարագրված կամ ոչ։
Բայց էականը փոխոստիկանապետի պատասխանը չէ։ Նախկինում, երբ Հայաստանում ընդդիմություն կար, վարչակարգի ներկայացուցիչները հորդորում էին կառուցողական լինել։
Այ, հիմա ես կառուցողական առաջարկ եմ անում՝ հետո չնեղանաք, եթե չընդունեք։
Թող կառավարությունը փոխվի։ Թող սկսի իրենից՝ աճուրդի հանի սեփական «գոլդ» համարները։ Հաջորդ քայլով՝ նաև անձնական մեքենաների համարները։
Գումարները պետք է որոշակի, նախօրոք հայտարարված սոցիալական ծրագրերի ուղղվեն, որ արդյունքը երևա։ Ոնց որ Գյումրիի անտուններին տուն տալու ծրագիրն էր։
Անցած շաբաթ էր, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը հրապարակայնացրեց՝ մատնեց Հայաստանի ռազմական գաղտնիքները, նույն երկիրը պարտադրում է իր «Գազպրոմի» վատ կառավարման, կոռուպցիայի վնասները հայ սպառողների հաշվին լուծել։ Թուրքիան, որպես հարևան, գնալով անկանխատեսելի ու վտանգավոր է դառնում ՝ բավական է լսել Էրդողանի ագրեսիվ, թունդ-ազգայնական ճառերը թուրքական տարբեր քաղաքներում։
Հին ժամանակներում կասեին՝ Hannibal ad portas. պատերազմը մեր դուռն է բախում, պարոնայք։
Հիմա դուք էլ ձեր կողմից մի քայլ արեք՝ փոխվեք, դուրս եկեք սնափառության մրցավազքից. նույնիսկ միայն դա կարող է Հայաստանում մթնոլորտ փոխել։