Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում բռնությունների մակարդակը հրադադարից հետո նվազել է 80-90 տոկոսով, և խաղաղ պայմանագրին առայժմ լիովին հետևում են: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Սակայն մենք շատ հստակ հասկացնել ենք տվել, որ Ասադի ռեժիմը չի կարող օգտագործել այդ գործընթացը իր սեփական նպատակների համար, երբ մյուս կողմերը ազնվորեն փորձում են այն պահպանել»,- ասել է Քերին:
Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները շաբաթ օրը կհանդիպեն Ամանում և Ժնևում՝ քննարկելու Սիրիայի ընդդիմադիր խմբերի բողոքները հրադադարի խախտման մասին:
Նախօրեին պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Սիրիայի կառավարական զորքերի հրթիռային հարվածները, որոնց զոհերը պարբերաբար դառնում են խաղաղ բնակիչներ, կրակի դադարեցման ռեժիմի ակնհայտ խախտումներ են:
Ինչպես նշել է Քիրբին, Ռուսաստանը ազդեցություն և անձնական կապեր ունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, և ԱՄՆ-ը ակնկալում է, որ Մոսկվան կօգտագործի այդ ազդեցությունը Դամասկոսի վրա՝ կրակի դադարեցմանը հասնելու համար: