Ինձ պարզապես չեն գրկել:
Չեն հասցրել որսալ այն պահը, երբ ես կոտրվում էի: Չեն հասցրել հեռու պահել անկման հարվածից: Չեն փորձել հասկանալ՝ արդյոք ունե՞մ դրա կարիքը, թե՞ ոչ: Ինձ չեն գրկել:
Իսկ գիտեք՝ ի՞նչ է գրկելը: Մեջքից գրկելը: Դա այն է, երբ կարող ես ցանկացած ժամանակ չվախենալ կոտրվելուց, չէ՞ որ կգրկեն քեզ, ամուր կպահեն ձեռքերում և կհավաստիացնեն, որ ամեն ինչ լավ կլինի: Դա այն է, երբ չես ասում՝ «Կգրկե՞ս», չես խնդրում, որ քեզ հասկանան, չէ՞ որ նա կզգա ճիշտ պահը քեզ կրկին կյանք տալու, քեզ գրկելու: Դա այն է, երբ կարող ես լռել կամ էլ ուժգին գոռալ կամ էլ հուսահատ հատակին ընկնել, չէ՞ որ նա քեզ հետ կլռի, կգոռա, բայց չի թողնի, որ մենակ ընկնես: Կգրկեն ճիշտ պահին, կհամոզեն նորից ապրել: Կգրկեն ու կվստահեցնեն, որ մենակ չես, որ միայնակ չես կործանվի, որ կկոտրվի քեզ հետ:
Բայց ինձ չգրկեցին: Ինձ չպահեցին այն ժամանակ, երբ ես կոտրվում էի, չփորձեցին հետ պահել կործանումից: Եվ դրա համար է, որ իմ ծնկները վաղուց են շոշափել սառը հատակը, իմ ձեռքերը ծանոթ են նրա սառնությանը, ես վաղուց եմ զգացել կոտրվելու հարվածը: Ինձ չեն գրկել, պարզապես չեն գրկել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել