«ATV» հեռուստաընկերության եթերում այսօր կմեկնարկի նոր հեռուստասերիալ՝ «Աբելի քույրը», որի պրոդյուսերը հաղորդավար Հրաչ Մուրադյանն է։ Թե ինչպես է Հրաչը հայտնվել սերիալային արտադրությունում, BlogNews-ն արդեն պատմել է։ Այս անգամ ներկա ենք եղել նկարահանումներին և ներկայացնում ենք ֆոտոշարք նկարահանման հրապարակից և հարցազրույց ստեղծագործական թիմի հետ։

Հեռուստանովելի սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն  է, գեղարվեստական ղեկավարը՝ Գրիգ Վահրամյանը։ «Որևէ գիտաֆանտաստիկ նորամուծություն չի լինելու. սերիալն աշխատելու է հայտնի սխեմայով, սակայն ասելիքի և ձեռագրի առումով հաստատ հայկական հեռուստաեթերում նմանատիպ հետռուստասերիալ չկա,- ասաց Հրաչն ու շեշտեց, որ սցենարը գրված է իրական պատմությունների հիման վրա։ -Իհարկե, «Կիսաբաց լուսամուտներից» եկած պատմություններն իրենց լուման ունենալու են, սակայն գլխավոր պատմությունները դրանք չեն»։

Ֆիլմի ռեժիսոր Արթուր Բունիաթյանը նշեց, որ դերասանական կազմում մեծ մասամբ ընդգրկված են փորձառուները, անփորձներն էլ արդեն կարողացել են մտնել կերպարի մեջ. «Օրվա կտրվածքով 10 ժամից ավելի ենք անցկացնում նկարահանման hրապարակում։ Ունենք  փորձառու խումբ, որն իր հետևում ունի լավ սերիալի 4-ից ավելի օրինակ»։

Ֆիլմում գլխավոր հերոսուհուն` 17-ամյա Լիլիթին մարմնավորում է Նարինե Դովլաթյանը։ «Անկեղծ ասած, առաջարկներ շատ են եղել, սակայն բոլորը մերժել եմ։ Այս անգամ էլ սկզբում մերժեցի, սակայն հետո հանդիպեցինք Հրաչի հետ և երբ ծանոթացա անձնակազմի հետ, տեսա նրանց աշխատանքները, հավատացի, վստահեցի, որ սա որակյալ սերիալ կլինի։ Հիմա ամեն բան անում ենք, որ որակյալ արդյունք ունենաք։ Թեև կեպարս շատ տխուր է, սցենարը դեռ գրում են և հուսով եմ, որ դեռ ուրախ պահեր կունենամ։)»,- ասաց Նարինեն։

Մերի Հակոբյանն էլ նշեց, որ խաղալու է բացասական կերպար. «Հերոսուհիս մարդ է, ով կյանքում դժվարություններ չի տեսել։ Իրեն ամեն բան շատ հեշտ է տրվում։ Իրականում շատ եմ սիրում Նարինե Դովլաթյանին, սակայն կերպարային առումով նա իմ հակառակորդն է և բոլոր ուժերս ներդնում եմ, որ նրա համար խնդիրներ ստեղծեմ»,- ասաց նա։

           

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել