Lragir.am-ը գրում է․
Թուրքիայի մասին տեղեկություններն ու վերլուծությունները հայտնվել են արեւմտյան լրատվամիջոցների առաջին էջերին: Բազմաթիվ հրապարակումների լեյտմոտիվը Ռուսաստանի ու Թուրքիայի դիմակայությունն է. Արեւմուտքին ընտրություն են առաջարկում, եւ փորձագետներն արդարացիորեն նկատում են, որ այդ հոդվածները հաճախ պատվիրում են թուրքական լոբբիստները:

Կան, սակայն, մի ամբողջ շարք հրապարակումներ, որոնցում արեւմտյան վերլուծաբաններն արդեն բաց տեքստով խոսում են Սիրիայից եւ Իրաքից Թուրքիա զինված անկարգությունների տեղափոխման մասին: Վերլուծաբաններն այդ իրադարձությունների հիմքում մատնացույց են անում քրդերին:

Որոշ հոդվածներում կարելի է գրեթե անթաքույց հիասթափություն գտնել քրդերի պահվածքի պատճառով: Որոշ հեղինակներ ասում են, որ քրդերը չեն ցանկանում օգտվել հնարավորությունից ու անկախ պետություն կառուցել, իսկ Արեւմուտքը չի կարող ուժով քրդերի համար պետություն կառուցել: Այդպիսի վիճակ էր իրաքյան արշավի ժամանակ, երբ քրդերին մեղադրում էին, որ չեն ցանկանում մասնակցել քրդաբնակ տարածքների ազատագրման ռազմական գործողություններին:

Այժմ արեւմտյան հեղինակներն ակնարկում են, որ քրդերը գումար են խնդրում, հատկապես նավթի գների անկումից հետո: Խոսքն այն մասին է, որ քրդերն ԱՄՆ-ից ամսական 200 միլիոն դոլար են պահանջում, այն դեպքում, երբ ԱՄՆ-ը պատրաստ է առավելագույնը 50 միլիոն տալ:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն օրերս քրդերին մեղադրել է ռուսներին ծախվելու մեջ, «ինչպես ժամանակին հայերը»: Թուրքիան վարպետորեն խաղում է քրդերի, հայերի թուլությունների վրա՝ ժամանակ առ ժամանակ ստիպելով ԱՄՆ-ին, Եվրոպային ու Ռուսաստանին անել այն, ինչ ձեռնտու է Թուրքիային: Սակայն Թուրքիայում էլ են հասկանում, որ եկել է ժամանակ, երբ, այսպես թե այնպես, քրդական հարցը հարկ կլինի լուծել:

Արեւմտյան մամուլում խոսում են քրդերին ինքնավարություն տալու անհրաժեշտության մասին: Foreignpolicy.com-ը գրում է, որ թուրքերն Անատոլիան գրավել են 1000 տարի առաջ եւ պահել են այն՝ փորձելով այնտեղի բազմազգ բնակչությունը մոնոէթնիկ զանգածի վերածել: Սակայն 1000 տարվա ընթացքում թուրքերին չի հաջողվել ձուլել ավտոխտոն ժողովուրդներին, նույնիսկ ցեղասպանության գնով, եւ հիմա այդ քաղաքականությունը տանում է Թուրքիայի փլուզմանը:

Միջազգային մամուլում աննկատ հայտնվում է «Անատոլիա» տերմինը՝ որպես նոր կազմավորման պլատֆորմ՝ առայժմ Թուրքիայի կազմում, իսկ հետո՝ Աստված գիտի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել