Tert.am-ը գրում է.
Թերևս սա միակ հարցն է, որ Սիրիայում հրադադարի հաստատման հարցում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների  շահերը համընկնում են. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Միաժամանակ նա համոզմունք հայտնեց, որ չնայած ձեռք բերված համաձայնությանը, հրադադարը չի գործելու: 

«Կան ուժեր, որոնք բացարձակապես շահագրգռված չեն այդ զինդադարի հարցում, մասնավորապես Թուրքիան, որովհետև եթե մի բան կա կորցնելու, դա Թուրքիան է, և այսպես ասած, Իսլամական պետության կազմավորումն իրականության մեջ հենց Թուրքիայի կողմից ծնած կազմակերպությունն է: Չմոռանանք, որ ինչպես թուրքերը, այնպես էլ այդ ԻԼԻՊ-ը սունիական կազմավորում են և թուրքերն ահռելի քանակությամբ շահ ունեն այնտեղ: Նախ նրանք այս ԻՊ-ի միջոցով ուզում են ասպարեզից հանել ապագա քրդական պետությունը, քայքայել պրոռուսական Սիրիա պետությունը, քայքայել Իրաք պետությունը և ստեղծել հարևան մի պետություն՝ ի դեմս ԻԼԻՊ-ի, որը կլինի դանակի երկիր Թուրքիային, և այս պայմաներում ակնկալել, ոչ հաշտությունը կգործի, ես կարծում եմ պետք է միամիտ լինել»,-ասաց նա:

Աշոտ Մելքոնյանը միաժամանակ հավելեց, թե Թուրքիայի նկատմամբ Արևմուտքի նախկին դաշնակցային վերաբերմունքում այսօր արդեն կա որոշակի վերապահում: «Որովհետև Արևմուտքն էլ սկսեց վերջապես հասկանալ, որ համաշխարհային քաղաքակրթությանը սպառնող Իսլամական պետությանը վերացնել անհնարին է՝ առանց Թուրքիայի պետության վերացման։ Դրանք սերտորեն իրար հետ կապված խնդիր են և, կարծում եմ, օրեցօր ահաբեկչական գործողությունների պայմաններում Արևմուտքում և գաղթականների նոր հեղեղի  տեղափոխության պայմաններում Եվրոպայում աճելու է Թուրքիային՝ ՆԱՏՕ-ից  վտարելու միտումները: Եթե դա տեղի ունեցավ, և Թուրքիային վտարեցին ՆԱՏՕ-ից, որին 20-30 տոկոս հավանականություններ տեսնում եմ, որովհետև պախարակում են, և հետո չի կատարում այն գործառույթը, որ ՆԱՏՕ-ն կուզեր Թուրքիայից տեսնել»,-ասաց նա:
 
Պատմության ինստիտուտի տնօրենի խոսքով՝ Թուրքիան հարկադրված երկու խաղ է խաղում, մի կողմից փորձում է ԱՄՆ-ին օգնել որպես ռազմավարական դաշնակից, մյուս կողմից էլ, քանի որ Արևմուտքի ու ԱՄՆ-ի շահերը չեն համընկնում քրդերի խնդրում, ինքը այստեղ ԱՄՆ-ի հետ ունենում է շահերի բախում և արաբական աշխարհում էլ իսլամ խաղալով է փորձում ներկայանալ որպես Իսլամի առաջնորդ: «Բայց սա էլ մի հանգամանք է, որն անընդունելի է Արևմուտքի համար, քանի որ իսլամական արմատականությունն ուղղակի սպառնալիք է  քաղաքակրթությանը, մասնավորապես՝ Արևմուտքին»,-ասաց նա:

Աշոտ Մելքոնյանն  այս զարգացումների համատեքստում, հնարավոր է համարում Թուրքիայի հրահրմամբ պատերազմական գործողություններ սկսվեն մեր տարածաշրջանում՝ իր կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի միջոցով՝ ուշադրությունը շեղելու  համար:

«Համոզված եմ, որ Թուրքիան այդ ուղղությամբ էլ գործողություններ է կատարում, Դավութօղլուն մինչ այդ ժամանեց Ադրբեջան, Էրդողանը պետք է այցելեր, որը պայթյունի  պատճառով հետաձգվեց, բայց ակնհայտ է, որ Թուրքիան ուզում է, Ադրբեջանին ուղղորդելով  մեր դեմ, ուղղակիորեն հարվածել նաև ՌԴ-ին: Մենք ռազմավարական դաշնակից ենք, ունենք ռազմակայան ՀՀ տարածքում, և, բնականաբար, Ադրբեջանին մեր դեմ շարժելով, կփորձի ՌԴ-ի ուշադրությունը շեղել»,-նշեց նա:

Ըստ նրա՝ պատահական չէ, որ  ռուսական քաղաքական շրջանակներնն անընդհատ խոսում են, որ մեզ ուզում են ներքաշել Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը՝  Ղարաբաղում սրելով իրադրությունը:  «Այսինքն՝ ռուս քաղաքական գործիչները որքան էլ փորձել են վերջին շրջանում չեզոք ներկայանան Ադրբեջանի և Հայաստանի հարցում, երբեմն-երբեմն խոստովանում են, որ Ղարաբաղի հարցում իրենք ուզած, թե չուզած ավելի շատ հակված են դեպի հայկական կողմը և եղած ստատուս քվոյի պահպանմանը, որը և ՌԴ-ի շահերից է բխում: Ես կարծում եմ,  որ Ադրբեջանն էլ իր նավթային  ռեսուսրների շահութաբերության պակասի պայմաններում, այդ ավանտյուրիային չի գնա,  և ռազմական գործողություններ սկսի՝ լսելով ավագ եղբորը»,-եզրափակեց  Աշոտ Մելքոնյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել