Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ եվրոպական ընտանիքի դիրքորոշումն արտահայտում է Եվրամիությունը, ոչ թե Եվրոպայի խորհուրդը:
Այս մասին Tert.am-ին ասացին քաղաքագետներ Ալեքսանդր Մարկարովն ու Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի հակասական հայտարարություններին:
Քաղաքագետներն ասացին, որ Եվրոպայի արտաքին քաղաքական դիրքորոշումն արտահայտում է Եվրամիությունը, իսկ ԵԽԽՎ նախագահի ադրբեջանամետ հայտարարություններն ամենևին չեն արտահայտում միջազգային հանրության տեսակետը. դրանք սուբյեկտիվ բնույթի են:
«Տվյալ պարագայում եկեք հիմք ընդունենք Մոգերինիի այցի ժամանակ ներկայացված դրույթները, որի շրջանակներում հայտնվում է գործընթացի կարգավորման վերաբերյալ ԵՄ հստակ դիրքորոշումը: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ եվրոպական ընտանիքի ղեկավարը հանդես է գալիս տվյալ դեպքում ԵՄ անունից՝ ի տարբերություն ԵԽԽՎ նախագահի: Իսկ Ագրամունտի հայտարարություններն անձնավորված են, սուբյեկտիվ»,- նշեց Ալեքսանդր Մարկարովը:
Ըստ նրա՝ Եվրամիությունն ու ԵԽԽՎ-ն տարբեր կառույցներ են, իրականացնում են տարբեր գործառույթներ, ուստի համեմատելի չեն:
«Եվրոպայի արտաքին քաղաքականության համար պատասխանատու է Եվրամիրությունը, ուստի երբ Մոգերինին հնչեցնում է նման հայտարարություն, պետք է հասկանալ, որ ԵՄ-ն ընդունում է Մինսկի խմբի մոտեցումները, ունի այն գիտակցումը, որ հակամարտության կարգավորման համապատասխան մանդատով զբաղվում է ՄԽ-ն»,- շեշտեց քաղաքագետը՝ ասելով, որ Եվրամիության ձայնը Մոգերինիի ձայնն է:
Ռուբեն Մեհրաբյանն էլ շեշտեց, որ Մոգերինիի և Ագրամունտի արտահայտված կարծիքները նույն հարթության վրա արտահայտված կարծիքներ չեն, որովհետև Ագրամունտը, ըստ նրա, չունի լիազորություններ խոսելու ամբողջ ԵԽԽՎ անունից՝ ի տարբերություն Ֆեդերիկա Մոգերինիի:
«Մոգերինին ամբողջ Եվրամիության փոխնախագահն է, արտաքին քաղաքականության, անվտանգության նախարարը, ամբողջ ԵՄ փոխվարչապետը: Իսկ ԵԽԽՎ նախագահը իր սեփական կարծիքն է արտահայտում, նա ԵԽԽՎ պատգամավոր է ու չունի լիազորություն հայտարարություն անել ԵԽԽՎ անունից: Բացի այդ, իսպանացի պատգամավորի առանձնահատուկ սերը խավիարի, խալիների նկատմամբ, թույլ չի տալիս լուրջ վերաբերվել նրա հայտարարություններին»,- նկատեց Մեհրաբյանը:
Վերլուծաբանն ասաց, որ Եվրամիությունն ունի դիրքորոշում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, որը լիազորվել է հնչեցնելու Մոգերինիին:
Մեհրաբյանի խոսքով՝ ԵՄ-ն նախկինում նմանատիպ հայտարարություններ չէր արել: Մեհրաբյանն ասաց, որ Մոգերինիի հայտարարությունը մանրամասնված էր:
Հիշեցնենք, որ օրերս Երևանում գտնվող Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ նպաստելու մադրիդյան 3 սկզբունքների, տարրերի իրականացմանը, բարձր մակարդակի բանակցությունների վարմանը՝ խաղաղ կարգավորման ապահովման համար, աջակցում է սահմանին հետաքննական մեխանիզմի ներդրմանը:
Մեհրաբյանն ասաց, որ աբսուրդային իրավիճակին վերջ է դրվում, իրերն աստիճանաբար կոչվում են իրենց անուններով:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/05/markarov/1952483
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



