Ազգային մտածողություն, լուրջ պատմություն, ավանդույթներ ունեցող երկու կուսակցությունների քաղաքական համագործակցության հիմնական նպատակը երկրի առջև ծառացած խնդիրներին համատեղ լուծում գտնելն է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ միջև ստորագրված քաղաքական համագործակցությանը:
Անդրադառնալով քննադատություններին, որ համագործակցության մասին փաստաթուղթը «բարի ցանկությունների» շարք է, Հերմինե Նաղդալյանն ասաց, թե քննադատողները միշտ էլ սեփական շահով են պայմանավորում իրենց քննադատությունը:
«Յուրաքանչյուր հարց, յուրաքանչյուր երևույթ միշտ կարելի է քննադատել, միշտ էլ կան պատասխանատու և անպատասխանատու, հիմնավոր և անհիմն կարծիքներ, որոնք կարող են լինել այս կամ այն կողմից: Յուրաքանչյուր քննադատող իր արգումանետացիան է բերում, որը շատ հաճախ քաղաքական չէ, հիմնավոր չէ, սեփական շահերի կամ սեփական ամբիցիաների հետ է կապված: Մի ասացվածք կա՝ «Աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է»: Այնպես որ, շատ քննադատություններ կարող են սրանով պայմանավորված լինել»,- շեշտեց Հերմինե Նաղդալյանը:
Խորհրդարանի փոխխոսնակն ասաց, որ իրենց համագործակցության լավագույն պատասխանը՝ լինելու է գործը, համատեղ արդյունավետ աշխատանքը:
«Ինչպիսի հիմնավորումներն էլ, ինչպիսի տեսլական էլ մենք այսօր ներկայացնենք, դա օդի մեջ է լինելու, եթե չտարվի համապատասխան աշխատանք: Այս մասին նաև շատ լուրջ խոսեց ՀՀ նախագահը փետրվարի 12-ի իր ելույթում, ըստ էության, հիմք դնելով կառավարման համակարգի ձեռագրի փոփոխությանը: Այն խնդիրները, որոնք դրված են մեր պետության, քաղաքական ղեկավարության, ՀՀ նախագահի կողմից, ես ոչ միայն ծրագրային, այլև՝ պատմական եմ համարում, որովհետև մենք մտանք նոր դարաշրջան»,- ասաց Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ունեն պատրաստակամություն՝ միասնաբար լուծելու խնդիրները՝ ստանձնելով պատասխանատվություն: «Ես հավատում եմ այս հեռանկարին: Քննադատողները, ինչքան ուզում են քննադատեն»,- հավելեց նա:
Հարցին՝ ինչո՞ւ է քաղաքական համագործակցության մասին փաստաթղթում բացակայում համագործակցության ժամկետը, արդյո՞ք սա նշանակում է, որ այն կտևի 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո էլ, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Չեմ կիսում այս մոտեցումը, որ քաղաքական փաստաթուղթն ուզում են գուշակության վերածել: Անժամկետ է, այո, դա նշանակում է, որ գործում է այնքան, որքան կգործի: Մեզ մնում է, որ մենք մեր կողմից անենք հնարավորը, որ այն գործի հնարավորինս երկար ու արդյունավետ»:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/05/naghdalyan/1952703
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



