Բեռլինյան պատի կառուցման ժամանակաշրջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և ԱՄՆ հարաբերությունները խիստ սրվեցին: Պատճառն այն էր, որ պաշտոնական Բոնը գտնում էր, որ ԱՄՆ-ն բավարար ջանք չգործադրեց պատի կառուցումը կանխելու համար։
1963 թ. հունիսին Բեռլին է ժամանում ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, ով այդտեղ իր ամենահայտնի ելույթներից մեկն է ունենում: Նա խոսում է մարդու իրավունքների, ժողովրդավարության և համամարդկային արժեքների մասին: Երիտասարդ նախագահին լսելու համար Արևմտյան Բեռլինում շուրջ 2 միլիոն մարդ էր հավաքվել: Նա իր խոսքում հավաստիացրեց, որ ԱՄՆ-ը կանգնած է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողքին: Ընդհանրապես, նրա ելույթը լայն արձագանք գտավ գերմանական հասարակության շրջանում, որն այդ ժամանակ, կարծես թե, թերահավատորեն էր մոտենում ԱՄՆ-ի հետ դաշնակցական հարաբերություններին: Հենց այդ ելույթի ժամանակ նրա շուրթերից հնչեց «Ես Բեռլինցի եմ» հայտնի խոսքը, որը դարձավ նրա ողջ ելույթի մեխը: 1970-ականներին «Սառը պատերազմը» դեռ շարունակում էր թափ հավաքել, իսկ միջազգային իրադրությունը մնում էր բավականին լարված: Շարունակվում էր սպառազինությունների մրցավազքը: 1976 թվականին ԽՍՀՄ պաշտպանության նախարար դարձավ Դ. Ուստինովը, ով հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը պետք է մոդեռնիզացնի իր ռազմական արդյունաբերությունը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր միջին և երկար հեռահարություն ունեցող հրթիռներին: Գործընթացը տևեց մինչև 1977 թվականը, որի ընթացքում ԽՍՀՄ-ի եվրոպական մասում շուրջ 300 հրթիռ տեղակայվեց, որոնք միջուկային մարտագլխիկներ ունեին:
Իրավիճակն էլ ավելի լարվեց այն բանից հետո, երբ 1979 թվկանին ԽՍՀՄ-ը ռազմական ինտերվենցիա իրականացրեց Աֆղանստանի նկատմամբ: Արևմուտքի կողմից դա ընկալվեց, որպես փխրուն աշխարհաքաղաքական բալանսի խախտում: Աֆղանստանի օկուպացիան բուռն արձագանք գտավ միջազգային ասպարեզում: 1980 թ. հունվարի 4-ին նախագահ Ջիմի Քարթերն իր ժողովրդին դիմելով նշեց, որ Վաշինգտոնը դադարեցնում է Մոսկվայի հետ կնքված ռազմական սպառազինությունների մասին պայմանագրի քննարկումը, որն ընթանում էր սենատում, ինչպես նաև տնտեսության որոշ ոլորտներում վերջիններիս հետ համագործակցությունը:
Հունվարի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևը, որում կոչ էր արվում ԽՍՀՄ-ին անհապաղ դուրս բերել զորքերը Աֆղանստանի տարածքից, 104 երկրներ պաշտպանեց: ԽՍՀՄ-ը, բնականաբար, անտեսեց դա և շարունակեց պատերազմական գործողություններ իրականացնել: 1980 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեց Ռոնալդ Ռեյգանը: Նա այն նախագահն էր, ով սկզբից ևեթ ԽՍՀՄ-ի հանդեպ կոշտ, ոչ կոմպրոմիսային քաղաքականություն որդեգրեց: 1983 թ. մարտի 8-ին ելույթ ունենալով Ֆլորիդայում՝ նա ԽՍՀՄ-ը «Չարիքի Կայսրություն» հայտարարեց և նշեց, որ իր գործունեության կարևորագույն նպատակը կոմունիզմի դեմ պայքարն է:
1983 թվականին սովետական կործանիչի կողմից Սախալինի մոտակայքում ռմբակոծվեց Բոինգ-747 մարդատար ինքնաթիռը, որն այդ պահին Նյու Յորք-Անկորիջ-Սեուլ չվերթն էր իրականացնում: Դեպի Սեուլ չվերթը տեղի էր ունենում Խաղաղ օվկիանոսյան չեզոք ջրերում, սակայն, չգիտես ինչպես, ինքնաթիռը հայտնվեց սովետական տարածքում: Սովետական կործանիչի ռմբակոծության արդյունքում շուրջ 246 մարդ զոհվեց: Աշխարհը խստորեն դատապարտեց ԽՍՀՄ-ի այդ արարքը: ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հայտարարեց, որ սա «Մարդկության դեմ իրականացված հանցագործություն է, որը չպետք է մոռացվի»: Պատերազմը բավական ծանր հետևանքներ ունեցավ ԽՍՀՄ-ի տնտեսության վրա: Պատերազմի յուրաքանչյուր տարին ԽՍՀՄ-ին 4 միլիարդ դոլար էր արժենում, արդյունքում տնտեսական ոլորտում ճգնաժամի նախադրյալներ առաջացան:
Աֆղանական պատերազմը և արևմուտքի հետ սպառազինությունների մրցավազքը ԽՍՀՄ-ին կանգնեցրեց ֆիասկոյի առջև: Կոմունիստական համակարգի փլուզումը պայմանավորված էր տնտեսության վիճակի վատթարացմամբ, որն իր հերթին առաջացել էր նավթի գների անկման պատճառով (1 բարելը=20դոլլար): Երկրում արտադրողական և սպառողական ոլորտներում լուրջ ճգնաժամ էր:
Հուզումներ և անկախական շարժումներ էին սկսվել ԽՍՀՄ և սոցիալիստական ճամբարի բոլոր երկրներում: 1985 թ. մարտի 11-ին Կոմկուսի ղեկավարի պաշտոնը զբաղեցրեց Միխայիլ Գորբաչովը: Առկա ծանր իրավիճակը ստիպում էր նրան արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորել: Գորբաչովի համար պարզ էր, որ դա հնարավոր էր միայն Աֆղանստանից զորքերը դուրս բերելու, ինչպես նաև երկրի ներսում լիբերալիզացիայի կուրս անցկացնելու միջոցով: 1988 թ. ապրիլի 14-ին Աղֆանստանը, ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ն և Պակիստանը Ժնևում մի փաստաթուղթ ստորագրեցին, որով ԽՍՀՄ-ը պարտավորվում էր իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից և չմիջամտել այդ երկրի ներքին գործերին:
Ժնևյան համաձայնագիրը սառը պատերազմի շրջանում արևմուտքի կարևորագույն հաղթանակներից էր, որը ցույց տվեց, որ կայսրությունն այլևս նախկին հզորությունը չուներ:
Մինչ 1980 թվականների վերջ Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետության հասարակական կյանքում որևիցե տեղաշարժ չէր նկատվում: Իրավիճակը նույն էր, ինչ որ 1960-70-ականներին, երբ մարդիկ մինչև կոկորդները կուշտ լինելով սոցիալիզմից, պարզապես փորձում էին փախչել դեպի արևմուտք: Բանտերը լեփ-լեցուն էին քաղբանտակյալներով, տնտեսական վիճակն անհամեմետալի էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական վիճակի հետ:
Իրավիճակն արմատապես փոխվեց Գորբաչովի կողմից «Վերակառուցման» քաղաքականությունը հռչակելուց հետո: 1980-ականների վերջին զգալիորեն հեշտացվեց Արևելյան Բեռլինից անցումը դեպի Արևմտյան Բեռլին: Դրա շնորհիվ Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետությունում արտագաղթն էլ ավելի սաստկացավ: Միայն առաջին կիսամյակում 1989 թվականին այդ ցուցանիշը կազմել է 125 հազար: Մի շարք մտավորականներ և եկեղեցական առաջնորդները սկսեցին բացահայտորեն խոսել ռեժիմի կողմից քաղաքական և մշակութային ազատությունները վերացնելու բացասական երևույթի մասին, որին ի պատասխան կառավարությունը ռեպրեսիա կիրառեց, անգամ որոշ ականավոր այլախոհների վտարեց երկրից: ԳԺՀ այլախոհները, սակայն, ոչ թե դեմ էին համակարգին, այլ կողմ էին «Վերակառուցման քաղաքականությանը»: Իրավիճակի վրա ազդեցություն ունեցավ նաև հարևան երկրներում տիրող վիճակը, մասնավորապես, երբ Լեհաստանում կրկին օրինականացվեց «Սոլիդարություն» արհմիությունը: Մայիսի 2-ին պաշտոնական Բուդապեշտն Ավստրիայի հետ սահմանները բացեց, իսկ հունիսի 4-ին Լեհաստանում ընդդիմությունը մասնակցեց խորհրդարանական ընտրություններին: Այդ օրերին խորհրդանշական էր նաև հունիսի կեսերին Գորբաչովի այցը Արևմտյան Գերմանիա: Այցի ընթացքում համատեղ հայտարարություն ստորագրվեց, որում Գորբաչովը հռչակում էր պետությունների՝ իրենց քաղաքական և սոցիալական համակարգի ընտրելու ազատ իրավունքը: Այդ ընթացքում Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետությունում ակտիվացավ հանրահավաքային շարժումը: Ընդդիմությունը, տեսնելով երկրում առկա իրավիճակը, ինչպես նաև վերլուծելով սոցիալիստական ճամբարի մյուս երկրներում կատարվող իրադարձությունները, ավելի ու ավելի քիչ էր վախենում մարտահրավեր նետել գործող համակարգին: Այդ ընթացքում ստեղծվեցին առաջին անկախ կուսակցական միավորները, «Նոր Ֆորումը», «Ժողովրդավարական հեռացում» և «Սոցիալ-ժողովրդավարական» կուսակցությունները: 1989 թ. օգոստոսի 24-ին Հունգարիան սահմանները բացեց նաև Արևելյան Գերմանիայի բնակիչների համար: Հազարավոր գերմանացիներ հնարավորություն ստացան անցնել Հունգարիա, իսկ այնտեղից դեպի Արևմտյան Գերմանիա: Մինչ սեպտեմբեր ամսվա վերջ այդ տարբերակով արտագաղթողների թիվը հասավ 25 հազարի: 1989 թ. սեպտեմբերի 11-ին վերջնականապես բացվեց Ավստրո-հունգարական սահմանը: Այդ իրադարձությունից հետո «Բեռլինյան պատը» այլևս որևէ լուրջ արժեք չէր ներկայացնում, և երկու Գերմանիաների վերամիավորումն ընդամենը ժամանակի հարց էր: Այդ ընթացքում ընդամենը 3 օրվա ընթցքում Հունգարիայի միջոցով դեպի Արևմտյան Գերմանիա արտագաղթեց շուրջ 15 հազար մարդ: 1989 թ. հոկտեմբեր ամսին Լայպցիգում սկսվեցին հակակառավարական ցույցեր, որոնց տասնյակ հազարավոր մարդիկ էին մասնակցում: Գործընթացները գլխավորում էին հիմնականում ուսանողները, որոնք զանգվածային միջոցառումների ժամանակ բացականչում էին «Մենք մի ժողովուրդ ենք»: Հոկտեմբերի 23-ին ցուցարարների թիվը հասավ 300 հազարի, իսկ մի քանի օր անց Արևելյան Բեռլինում հավաքվեց մոտ 1 միլիոն մարդ: Հանրահավաքի հիմնական պահանջները վերաբերում էին երկրում մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և խոսքի ազատությանը: Այդ ընթացքում ավելանում էր նաև երրորդ երկրի միջոցով դեպի Արևմտյան Գերմանիա արտագաղթողների թիվը:
Այսպես, հոկտեմբեր ամսին շուրջ 50 հազար մարդ Չեխոսլովակիայով տեղափոխվեց դեպի Արևմտյան Գերմանիա: 1989 թ. նոյեմբերի 7-ին նոր կառավարություն է ձևավորվում Խ. Մոդրովի գլխավորությամբ, ով փորձում էր իրավիճակը վերահսկել: Սակայն երկրում ծավալվող իրադարձություններն արդեն դուրս էին եկել բոլոր տեսակի վերահսկողությունից: 1989 թ. նոյեմբերի 9-ին կառավարության անդամ Գյունտեր Շաբովսկին հայտարարեց սահմանների վերացման մասին: Նույն օրը երեկոյան հազարավոր բեռլինցիներ շարժվեցին դեպի պատը և անցագրային կետեր: Պատը հսկող զինվորականները ջրցան մեքենաներ գործի դրեցին ցուցարարներին ցրելու համար, սակայն զանգվածների ճնշման ներքո ստիպված նահանջեցին: Այդ նույն ժամանակ իրենց եղբայրներին և քույրերին Արևմտյան Բեռլինում դիմավորելու էին դուրս եկել հազարավոր մարդիկ:
Բեռլինյան պատը քանդվեց: Հազարավոր մարդիկ գրկախառնվում և ողջունում էին միմյանց: Տեղի ունեցողն իսկական ժողովրդական տոն էր: Հետագա օրերին դեպի Արևմտյան Բեռլին տեղափոխվեց շուրջ մի քանի միլիոն մարդ: Դեկտեմբերի 22-ին բացվեցին «Բրանդենբուրգյան դարպասները», որով Բեռլինյան պատի հիմնական սահմանն էր անցնում:
Այս ընթացքում Արևելյան Գերմանիայում ապամոնտաժվեց սոցիալիստական համակարգը: 1990 թ. մարտի 18-ին նոր ընտրություններ տեղի ունեցան, որոոնցում հաղթեց «Քրիտոնեա-ժողովրդավարական» միությունը, և Լոթար Դե Մեզյերը դարձավ վարչապետ: Հետագայում նոր ղեկավարությունը Գերմանիայի վերամիավորման շուրջ բանակցություններ սկսեց վարել Արևմտյան Գերմանիայի կառավարության հետ: Այդ կարևորագույն իրադարձությունը տեղի ունեցավ 1990 թ. հոկտեմբերի 3-ին, երբ Արևելյան Գերմանիան պաշտոնապես մտավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կազմի մեջ:
Այսպիսով, «Բեռլինյան պատի» անկումով սոցիալիստական ճամբարը սառը պատերազմում վերջնական պարտություն կրեց: Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներն ազատվեցին կոմունիզմ կոչվող հրեշից, որը շուրջ 40-50 տարի տեռորի էր ենթարկում այդ երկրների ազգաբնակչություններին:
Իսկ ի՞նչն էր սոցիալիստական ճամբարի լիակատար կրախի պատճառը: Իմ կարծիքով, պատճառը հետևյալն էր. ինչպես մենք համոզվեցինք այս հոդվածաշարի սոցիալիստական ճամբարի երկրներին վերաբերվող մասում՝ սառը պատերազմի և «Երկաթե վարագույրի» ժամանակներում սոցիալիստական ճամբարի երկրների բնակչությունը մասնավորապես արևմտյան զարգացող երկրներին սահմանակից երկրներից (Չեխոսլովակիա, Արևելյան Գերմանիա, Հունգարիա) արտագաղթում էին դեպի արևմուտք: Հիմնական պատճառն արևմտյան երկրներում կյանքի կենսամակարդակի զգալիորեն բարձր լինելն էր, որը, համեմատած սոցիալիստական ճամբարի երկրների կյանքի կենսամակարդակի հետ, շեշտակիորեն աճեց «Մարշալի նախագծի» իրագործումից հետո: Արևմուտքը սոցիալիստական ճամբարին հաղթում էր բոլոր առումներով՝ թե՛ կյանքի բարձր կենսամակարդակի և թե՛ ժողովրդավարության հարցերում: Պատահական չէ, որ հազարավոր գերմանացիներ, չեխեր կամ հունգարացիներ, հաղթահարելով տարատեսակ դժվարություններ, իսկ Արևելյան բեռլինցիների դեպքում, գնդակահարվելու վտանգի տակ հայտնվելով, այնուամենայնիվ, գերադասում էին ռիսկի դիմել, քան թե մնալ սոցիալիստական ճամբարի նեխած համակարգում: Հասարակությունների այն մասն էլ, որը չէր ցանկանում լքել սեփական հայրենիքը, այդ երկրներում սկսեց սոցիալիստական համակարգերի ապամոնտաժման գործընթացը: Ահա հենց սրանով արևմուտքը կարողացավ վճռել դիմակայության ելքը, երբ սոցիալիստական ճամբարի հասարակությունները նույնիսկ «Երկաթե վարագույրի» պայմաններում տեսնելով քաղաքակիրթ աշխարհը և զգալով երկու համակարգերի տարբերությունը հասկացան, որ իրենք պետք է մաս կազմեն քաղաքակիրթ զարգացող աշխարհի և ոչ թե Կրեմլյան նեխած համակարգի, որը «Սառը պատերազմում» դատապարտված էր պարտության: Հոդվածաշարը բնականաբար կշարունակվի, քանի որ սոցիալիստական ճամբարի ոչնչացմանը հետևեց արդեն բուն ԽՍՀՄ-ի փլուզումը:
Դավիթ Ֆիդանյան