ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը Tert.am -ի հետ զրույցում անդրադարձավ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ արդեն իսկ հնչած քննադատությանը, որ այս համամասնական տարբերակն ավելի մեծամասնական է, քան գորշող մեծամասնականը, որ ընտրական տարածքների բաժանումներն արհեսատական են և կոնկրետ նպատակների են ծառայում:
-Պարոն Սահակյան, քանի որ Ընտրական օրենսգիրքը կընդունվի հունիսի 1-ին, ակնհայտ է, որ Գյումրիում, Վանաձորում աշնանը սպասվող Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցնեն նոր ընտրական կարգով ներդրվելիք անուղղակի ընտրությունների միջոցով, երբ կուսակցությունները քաղաքապետի և ավագանու թեկնածուների համամասնական ցուցակներ կներկայացնեն: Նախագծից այնպիսի տպավորություն է, որ անպայման պետք է կուսակցականացվի տեղական ինքնակառավարման համակարգը` առաջին դեմքերի մակարդակով: Վստահ եմ, որ նման քննադատություն կլինի։ Պատրա՞ստ եք փոփոխել այս կետը:
-Նշեմ, որ Ընտրական օրենսգրքի այն բոլոր նորմերը, հոդվածները կետերը, որոնք Սահմանադրական հոդվածներից չեն բխում, դրա ուղիղ արտացոլանքը չեն, ենթակա են և՛ քննարկման, և՛ եթե, իհարկե, քննարկումների արդյունքում նման եզրահանգում արվի, նաև փոփոխության: Գյումրիի և Վանաձորի հետ կապված, որոնցում ներդրվելու է Երևանի փորձը, երբ ավագանու անդամի թեկնածուների թվում է նաև համայնքի ղեկավարը և հենց համայնքի ղեկավարն էլ մասնակցում է այդ ընտրություններին: Հետևաբար, կարծում եմ, որ դա ենթադրում է նաև որոշակի ուղիղ ընտրություն, որովհետև ցուցակը գլխավորող անձը պետք է ունենա նաև համապատասխան վարկանիշ` այդ ձայները ստանալու համար:Եվ եթե նախկինում մեկ քաղաքական ուժ կամ մեկ անհատ անձ ստանում էր այդ ձայները և դառնում էր համայնքի ղեկավար և այն ղեկավարում էր իր պատկերացումներով, ապա այսօր ճիշտ է, որ նաև որոշակի մասնակցություն ունենան քաղաքական այն ուժերը, որոնք երկրորդ կամ երրորդ տեղն են զբաղեցրել: Սա բազմազանություն կբերի համայնքին կյանքին այն քաղաքական ուժերի կողմից, որոնք ստացել են համապատասխան ձայներ և գրավել են 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը: Օրինակ` եթե համայնքում մի քաղաքական ուժ կարողանում է ստանալ 25 տոկոս ձայն և ունենում է համապատասխան թվով ավագանու անդամներ, անպայման իր ներգործությունն ունենում է տվյալ ավագանու ընտրությունների ու համայնքի կառավարմանն ու ղեկավարմանը: Այնպես որ, ակնհայտ է, որ սա դրական փոփոխություն է:
-Ձեր ասածը վերաբերո՞ւմ է ավելի շատ ավագանու անդամներին, որովհետև ընդդիմությունը հնարավո՞ր է` միավորվի մեկ ցուցակ կազմի ու առաջին հորիզոնականում դնի միասնական թեկնածուին...
-Իհարկե, օրինակ` որևէ ընդդիմադիր քաղաքական թևը ներկայացնող ուժի շուրջ կարող է ողջ ընդդիմադիր դաշտը համախմբվել և ունենալ տվյալ խոշոր համայնքներում մեկ թեկնածու` համայնքի ղեկավար: Իսկ եթե անգամ հաղթել չի հաջողվում, ապա, ենթադրենք, ավագանու թիվը 33 է, եթե ունենում են գոնե 12 ավագանի, դա լուրջ թիվ է, որը պետք է ազդեցություն ունենա տվյալ համայնքի կառավարման, ղեկավարման գործում:
-Հասկանալի է, սա ավագանիների մակարդակով և քաղաքապետի մակարդակով` տեսականորեն ենք նման հնարավորությունը գնահատում, որովհետև օրինակ` Մարտուն Գրիգորյանը, ով անկուսակցական է ու հավակնում է դառնալ Գյումրու քաղաքապետ, հասկացել է, որ պետք է լինի կուսակցական: Եվ այս դեպքում, անհասկանալի է, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն, որը փորձ ունի անկուսակցականներին պաշտպանելու հարցում՝ նույն Գյումրիում, նույն ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, ապա այս դեպքում պարզ է, որ ՀՀԿ-ն դժվար թե իր համամասնական ցուցակի առաջին համարի տակ չի դնի անկուսակցական թեկնածուի: Այսինքն` ոտքից գլուխ կուսակցականացման միտում կլինի:
-Համաձայն չեմ, որովհետև խնդիրն այն է, որ ավելի հրապարակային, կոլեկտիվ, բազմավեկտոր կառավարման մոտեցում լինի տվյալ խոշոր համայնքում՝ հաշվետվողականությունը բարձրանա։ Այլապես՝ ստացվում է այն տարբերակը, որ երբ տվյալ քաղաքական ուժը հաղթում է, ձևավորում է համայնքում իր բոլոր իշխանական ռեսուրսներն ու լծակները և միանձնյա ղեկավարում է: Իսկ այստեղ լրիվ այլ իրավիճակ կարող է լինել:
-Արդեն իսկ գնահատականներ են հնչում, որ այս համամասնականն ավելի մեծամասնական է, քան գործող ԸՕ-ի մեծամասնականը: Կարո՞ղ եք հակափաստարկներ ներկայացնել ընդդիմախոսների այս հայտարարությանը:
-Իհարկե, այդպես չէ։ Թող ուշադիր կարդան հարյուր տոկոսանոց համամասնականի, ռեյտինգային տարբերակները, նաև կուսակցության կողմից առաջադրվելը, ձայների հաշվարկը, վերահաշվարկը, բաշխումը ։ Այստեղ տեսնում ենք, որ նման որևէ բան չկա: Եվ նախկին շատ ձայներ հավաքելու ու ընտրվելու սկզբունքը, կարծես թե, միայն այդ թեկնածուից չէ կախված, այլ տվյալ կուսակցության հավաքած ձայներից:
-Արդեն իսկ խոսվել է այն մասին, որ այդ 13 ընտրական տարածքները շատ արհեսատական են բաժանված, օրինակ` ինչո՞ւ պետք է Երևանի կենտրոնը, որն ավանդաբար ընդդիմադիր է քվեարկում, միացվի Նուբարաշենին և Էրեբունին: Այստեղ տեսնում են, որ իշխանություններն ինչ-ինչ խնդիր են լուծում այս բաժանումներով:
-Նման որևէ խնդիր չկա, և համայնքների խոշորացումը նաև վերահսկողության մակարդակի բարձրացմանն է նպաստելու, որովհետև այլ բան է ընտրություններ կազմակերպել և վերահսկողություն իրականացնել 41 ընտրատարածքներում, այլ բան` 13-ում:
-Նշվեց, որ քվեարկության օրը վերահսկողությունն իրականացնող դիտորդական կազմակերպությունների թվի սահմանափակում է, քանի որ նրանք նման հայտ կարող են ներկայացնել միմիայն ԿԸՀ-ից կողմից հրավեր ստանալու դեպքում: Չեք կարծում, որ այստեղ էլ արհեստական սահմանափակման խնդիր կա:
-Չեմ կարծում, որովհետև, նախ այդ բոլորը հարցերը պետք է քննարկվեն, վերջնական տեսքի բերվեն ԱԺ-ի կողմից 2-րդ, 3-րդ ընթերցումների ժամանակ: Դիտորդների հետ կապված, ես կարծում եմ, որ այն մեխանիզմները, որ այստեղ ներդրված են, նաև նրա համար են, որպեսզի դիտորդները կոնկրետ մասնակցություն ունենալով, կարողանան իրենց իրավունքներն ու պարտականություններն իրականացնել: Եվ որպեսզի տեղամասային ընտրական հանձնաժողովներում ավելի շատ զանգվածային լրատվության միջոցներ ու դիտորդներ չլինեն, քան հանձնաժողովի անդամների կամ ընտրություններին եկած քաղաքացիների թվաքանակն է: Բայց եթե կան առաջարկներ, որոնք կառուցողական դաշտում են և միտված են իրավիճակը բարելավվելուն, մենք անպայման դրանք քննարկման առարկա կդարձնենք:
-Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ընդհուպ մինչև արմատական փոփոխությունների կենթարկվի նախագիծը։ Կա՞ն ինչ-որ սկզբունքային հարցեր, որոնց շուրջ իշխող մեծամասնությունը պատրաստ չէ գնալ զիջումների և հարցեր, որոնց շուրջ պատրաստ է:
-Սկզբունքային հարցերը, կրկնում եմ, բխում են բացառապես Սահմանադրությունից:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/04/sahakyan/1952549
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



