Tert.am-ը գրում է.

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի Հայաստան կատարած այցին, նախ ասաց, թե տիկին Մոգերինիի այցի առաջին առաքելությունը պետք է լիներ հակամարտության գոտում խնդրի հանգուցալուծումը, հաջորդը`Հայաստանում 20 000-ից ավելի սիրիահայերի սոցիալական խնդիրների լուծումը:

 

«Սիրիահայերն անմխիթար վիճակում են, նրանց համար նույնպես ԵՄ-ից կարելի էր գումարներ հատկացնել»,-ասաց Վազգեն Սաֆարյանը:


Ինչ վերաբերում է նրան, որ հայկական կողմից տեսակետներ են հնչում, թե ՀՀ-ԵՄ հարաբերություններում ձգտում են հասնել նրան, որ ԵՄ անդամ պետությունների բիզնես շրջանակները հետաքրքրվեն Հայաստանի ներդրումային միջավայրով, Վազգեն Սաֆարյանն ասաց, Հայաստանը դեպի Եվրոպական միության անդամ երկրներ հիմնականում հումք է արտահանում, հումքային կցորդ երկիր է:


«ԵՄ անդամ երկրները, եթե ցանկություն ունեն, որ Հայաստանում ներդրումներ անեն, որպեսզի մենք եվրոպական երկրներ պղնձի խտանյութ չարտահանենք, այլ պատրաստի պղինձ կամ պղնձից պատրաստված իրեր, մասնավորապես մալուխներ և այլն, մենք պետք է ողջունենք նման մոտեցումը: Եթե ցանկանում են Հայաստանում զարգացնել մեքենաշինություն, սարքաշինություն և ներդրումներ անել, բնականաբար, նման քայլերը ևս պետք է ողջունել»,-ասաց Վազգեն Սաֆարյանը:


Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը միաժամանակ նշեց, որ ԵՄ անդամ երկրները կարող էին տեխնոլոգիաներ առաքել Հայաստան, և հայկական գիտատեխնիկական ներուժն օգտագործել, հայկական կողմն էլ այդ տեխնոլոգիաներով արտադրանքներ պատրաստեիր և առաքեիր Եվրոպա:


«Եթե ԵՄ-ն իր մղումների մեջ ցանկանում է օգտակար լինել Հայաստանին, ապա պետք է իր տեխնոլոգիաները փորձի ներդնել Հայաստանում՝ համատեղ բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրելու համար»,-նշեց Վազգեն Սաֆարյանը՝ հավելելով. «Մենք ունենք գիտատեխնիկական մշակումներ և կարող ենք եվրոպական տեխնոլոգիաների ներդրման պարագայում ստանալ բարձր տեխնոլոգիական ապրանքատեսակներ: Այլ հարց է, թե Եվրոպան կցանկանա արդյո՞ք, որ Հայաստանը դառնա իրեն մրցակից և բարձր տեխնոլոգիական ապրանքներ արտադրել: Բնականաբար, Եվրոպան դա չի ցանկանա, նրանք միշտ կցանկանան, որ մեր նման երկրները հումքային կցորդ մնան: Սա է խնդիրը. կհաջողվի՞ մեզ ապացուցել եվրոպական երկրներին, որ մեր գիտատեխնիկական նվաճումները և ձեռքբերումները համատեղ ուժերով վերածել արդյունաբերական ապրանքատեսակների, սա արդեն կյանքը ցույց կտա»:


Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության պարագայում ԵՏՄ անդամ երկրների հետ խնդիրներ չեն առաջանա, Վազգեն Սաֆարյանն ասաց, թե ամենակարևորն այն է, որ բոլոր համաձայնությունները ԵՏՄ անդամ երկրների հետ կարողանանք պահպանել:


«Այն, ինչ մենք անում ենք եվրոպական երկրերի հետ, դրանք չպետք է հակադրվեն ԵՏՄ անդամ երկրների հետ մեր ունեցած հարաբերություններին»,-եզրափակեց Վազգեն Սաֆարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել