Հանրապետական կուսակցությունը երեկ` հունվարի 11-ի երեկոյան, գումարել է ՀՀԿ շտաբի նիստ, որի ժամանակ քննարկել են մի շարք հարցեր, կայացրել որոշումներ: Այս մասին զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շտաբի նիստին որոշել են փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ, թեկնածությունը առաջադրած Սերժ Սարգսյանի կարգախոսը, այն է` «Դեպի ապահով Հայաստան»:
ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, ով այդ ժամանակահատվածում չի հրաժարվելու ԱԺ նախագահի պարտականություններից: Շտաբի անդամներն են ՀՀԿ գործադիր մարմնի անդամները, իսկ շտաբի պետի տեղակալները 5-ն են` Միքայել Մինասյան, Դավիթ Հարությունյան, Արմեն Գեւորգյան, Կարեն Կարապետյան, Լեւոն Յոլյան:
Հարցին, թե շտաբի անդամները հնարավոր է հեռանան իրենց աշխատանքից եւ զբաղվեն բացառապես նախընտրական աշխատանքներով, նա վստահեցրեց, որ իրենց մոտ ամեն ինչ կլինի ըստ ՀՀ օրենսդրության: «Նախագահի գլխավորությամբ կարեւորել ենք ամենաբարձր մակարդակով ընտրություններ անցկացնելը, կարեւորվել է, որ այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ դրական մթնոլորտում, լինեն լավագույնը մեր պետության 21-ամյա պատմության մեջ»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել