Տրտնջացինք, քննարկեցինք, ընդվզեցինք ու, միևնույն է, Նոր տարին դիմավորեցինք ինչպես միշտ. բլինչիկից, պասուցից ու խոզի բդից խուսափել չեղավ, գրեթե բոլորի սեղաններին ամանորյա ճաշացանկի նույն, պարտադիր և անխուսափելի հավաքածուն էր։ Քաղաքի փողոցները լիքն էին մանկահասակ երեխաների ձեռքներից բռնած երիտասարդ ընտանիքներով, հայ դեռահասների նորաբույծ՝ բարձրաձայն ու անզուսպ կչկչացող տեսակով, սառույցի վրա բարձրակրունկներով սղաքայլ ճեմող, երկարամազ ու կարճափեշ աղջիկներով, զուսպ տոնական հագուկապով` դեռ շատ չծերացած տատիկ- պապիկներով։ Ու նրանք բոլորն էլ ավանդույթի ուժով տնետուն էին անցնում ու միմյանց Նոր տարի շնորհավորում։ Էս բոլորը մենք ենք. ծանոթ, սիրելի, հարազատ։
Գրեթե, ինչպես միշտ՝ հայկական հեռուստաընկերությունները հնչեցնում էին ողջ տարվա ընթացքում ձանձրացրած հայ «աստղերի» cut, copy, paste երգերն ու մատուցում անվերջությամբ սպառնացող սերիալների դերասանների էլ ավելի տափակ ու տաղտկալի տեքստերը։
Հանրապետության հրապարակի տոնական եղևնին ու մայրաքաղաքի տարբեր անկյունները զարդարող էժանագին ու թեթև սպիտակ եղնիկ-բադիկները լրացնում էին մայրաքաղաքի տոնական հանդերձանքը. ճիշտ է, երեք-չորս օր հետո դրանք անհրապույր մոխրագույն էին դարձել, բայց գիշերային լուսավորությունը, մանդարինի ու եղևնու հոտը, փողոցներում երբեմն-երբեմն հանդիպող կենդանի Ձմեռ պապն ու Ձյունանուշը ամբողջական էին դարձնում Նոր տարվա զգացողությունը։
Եւ, որքան էլ ճանապարհային ոստիկանությունը խոստացավ անողոք լինել ու զգուշացրեց չչարաշահել ալկոհոլն ու ղեկին հարբած չնստել, միևնույն է լրահոսը առատորեն խցանել էին ջարդված ավտոմեքենաներով ու խեղված վարորդ-ուղևորներով Շամշյանի լուսանկարները։ Սա էլ ենք մենք՝ անուղղելիորեն համառ ու դատարկորեն ինքնավստահ։
Դե, հարուստներն էլ, ինչպես միշտ, Ամանորը գերադասում են դուբայներում անցկացնել, նվազագույնը՝ հայրենի Ծաղկաձորում։ Ու էս բոլորը մենք ենք՝ ծանոթ, հասկանալի ու հարազատ։
«Աղչի, բա՞ էս սեղան գցելն էլ որ վերանա ու իրար բաժակ չխփեն, ի՛նչ Նոր տարի, բա դա հայերեն կլինի՞»,- արդարացիորեն ընդվզում է իմ շատ սիրելի Սոս Սարգսյանը, ու ես, որ նրա հետ համաձայն եմ, բաժակ եմ խփում ու մտքիս մեջ աղոթում՝ երկար կյանք խնդրելով Նահապետի համար, իսկ բարձրաձայն՝ խաղաղ գիշերներ Հայոց բանակին ու անփորձանքություն հայրենիքիս։
Ու որքան առատ են մեր սեղանները, նույնքան էլ շռայլ ու պերճախոս տոնական մաղթանքները։ Մաղթանքների ու կենացների առատություն, առատություն... քրիստոնեական նախանձելի բարեպաշտություն է հորդում ամենուր, նաև հեռուստաեթերից. ընդդիմադիր ու չընդդիմադիր ապահով կյանք են մաղթում, բարեկեցություն, արդարություն, աշխատանք, արժանապատվություն, օրենքի ու բարգավաճ երկիր, հավասարություն, առաջընթաց...։ Քիչ է մնում՝ հավատաս։
«Երանի այս խոսքերի գեթ մի փոքր մասն իրականություն դառնար»,-մտածում եմ ես ու, վստահաբար, ինձ պես շատերը։ Մեր մի բուռ երկրում, ուր բոլորը բոլորին հոգնեցնելու չափ լավ գիտեն, նաև գիտեն, որ հենց այդ մաղթանքներ հնչեցնողների ու նրանց անուղեղ բարեփոխումների, կեղծ բարեպաշտության, ծախել-ծախվելու, նյութապաշտության ու ապաշնորհ կառավարման շնորհիվ է երկրում խորացել աղքատությունը, տնտեսական ու բարոյական ճգնաժամը դարձել վավերական ներկայություն, ու ժողովրդի մեծ մասը մաղթանքները և նույնիսկ ելույթները ընկալում է որպես ամանորյա տոնածառի խաղալիք, պլպլան անհեթեթություն, որ հունվարի տասից հետո նորից կհավաքի չորացած ծառից՝ տեղավորելով տուփի մեջ՝ հաջորդ տարվա ծառն ու սեփական հավատի շիվը զարդարելու համար։
Խոսքերն ու օրերն հոսում են քանց պղտոր գետեր, իսկ գետի հունն ու ափերը մաքրելու ցանկություն ու ջիղ գրեթե ոչ ոք չունի։
Օրացուցային նոր տարվա տասն է, իսկ քաղաքական նոր տարին ավելի շուտ է սկսվել՝ անցյալ տարվա դեկտեմբերին, երբ միմյանց հետևից Հայաստանի դերակատար, կամ մեզ այդպես ներկայացող ու այդպիսին թվացող քաղաքական ուժերը լքեցին հարթակը։ Քաղակական նոր փուլ սկվեց թե ավարտվեց մեր բոլորի համար անդրոշմ չանցած մի փուլ՝ նույնն է։ Այդ բոլորը մենք ենք՝ դառնացած, անհավատ, մասնակից ու դերակատար, հաղթած ու պարտված՝ կողք կողքի, բայց սիրելի, ցավեցնող ու անխուսափելիորեն հարազատ։
Մինչ ազգի մի մասը կենացներ էր ասում, ոմանք իրականության հետ անհամաձայնությունը հեռանալու մեջ տեսնում, որոշները վայելում ծաղկաձորյան ձմեռը կամ տաքանում էմիրություններում, քաղաքական վաակումը լցվեց նախագահի ութ էկզոտիկ թեկնածուներով։ Սա էլ ենք մենք՝ բացատրելի, գրեթե դատապարտված ու անտարբեր։
Առջևում մի քիչ ծույլ, մի քիչ արկածային ու կանխատեսելի քարոզարշավն է, որքան էին անկեղծ, իրատեսական ու իրագործելի մեր կենաց-մաղթանք-ելույթները, ցույց կտա ժամանակը։
Իսկ օրերը հոսում են քանց պղտոր գետեր...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Lilit.Galstian/posts/420726328003987
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել