Աշխարհում առկա մի շարք բնապահպանական խնդիրներից զերծ չի մնում նաև Հայաստանը: Մեր երկրում գյուղատնտեսական ոլորտը գերակա ճյուղ է հայտարարված, և նման ոճի խնդիրների օպերատիվ լուծումը շատ կարևոր է:
Բնապահպանական բարեփոխումների շրջանակներում մեկնարկել է «Հայաստանի գյուղական համայնքներում ագրոկենսաբազմազանության պահպանության և օգտագործման միջոցով կենսապայմանների բարելավում» ծրագրի աշխատաժողովը:
Ծրագրով նախատեսվում է Արարատյան դաշտում, Սյունիքի մարզում, Սևանի ավազանում և դրան հարող տարածքներում ներդնել հողերի կայուն կառավարման նորագույն փորձը: Դրա շնորհիվ հնարավոր կլինի կյանքի կոչել վայրի բուսական պաշարների արժեքավոր բուսատեսակների հավաքման և կայուն բերքատվության մեխանիզմների ապահովումը, համաշխարհային լավագույն փորձի կիրառումը և էկոլոգիապես մաքուր արտադրանքի սպառման նոր շուկաների ներգրավումը:
Այս ծրագրի շնորհիվ կավելանան համայնքների բնակչության եկամուտները: Արդյունքում՝ կխթանվի ավանդական մշակաբույսերի տեսակների, մշակաբույսերի վայրի ցեղակիցների, դեղաբույսերի, փոշոտիչների և այլ օգտակար միջատների պահպանումը: