Տեղական արտադրանքի արտաքին շուկաներում ճանաչելիության մեծացման գործում իրենց ազդեցությունն են ունենում ցուցահանդեսները: Շատ կարևոր է, որ վերջիններս ունենան միջազգային բնույթ, քանի որ այդ դեպքում շատ են թե այցելուները, թե ներկայացվող կազմակերպությունները:
Ապրիլի 15-17-ը «Երևան Էքսպո» կենտրոնում կայանալու է «In Tour Expo 2016» 3-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որն էլ ազդարարելու է զբոսաշրջային սեզոնի մեկնարկը Հայաստանում:
Ցուցահանդեսի կազմակերպիչ «Էքսպո Գրուպ» ընկերությունից նշում են, որ ցուցահանդեսը հնարավորություն է տալիս բացահայտելու տուրիստական ծառայությունների ամբողջ ոլորտը` շրջագայությունների կազմակերպում ամբողջ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և աշխարհի տարբեր երկրներում, ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, գործնական տուրեր, ապահովագրական ծառայություններ և այլն:
Հարկ է նշել նաև, որ ցուցահանդեսին մասնակցելու են զբոսաշրջության ոլորտի ավելի քան 100 առաջատար կազմակերպություններ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Իսպանիայից, Եգիպտոսից, Իսրայելից, Ռուսաստանից, Իրանից և այլ երկրներից: