«Իրատես de facto»-ն վերլուծություն է կատարել, թե ովքեր կհավաքվեն Բագրատյանի թեկնածության շուրջ, ու ինչը հանգամանք կծառայի այս կենտրոնաձիգ շարժման համար։ Ըստ թերթի տրամաբանության՝ բացի նախկին ու գործող ՀԱԿ-ականներ Սոս Գիմիշյանից ու Պետրոս Մակեյանից, այս ճամբարը կհամալրեն Արամ Զ. Սարգսյանը, Միքայել Հայրապետյանը, Սուրեն Սուրենյանցը։ Նիկոլ Փաշինյան գործոնը հարցականի տակ է, որովհետև նա հայտարարել է, որ անձնական մակարդակով պատրաստ է աջակցել, իսկ քաղաքականով՝ առայժմ ոչ, բայց թերթը ակնարկում է, որ եթե Բագրատյանին հաջողվեց դառնալ ուժային կենտրոն, Փաշինյանը ևս կանդամակցի։
Այնուամենայնիվ, ուշագրավը տվյալ հոդվածի հիմնական շեշտադրումն է, որը, ակնարկելով նաև այն հանգամանքը, որ Բագրատյանին կսատարեն նաև Ազատ դեմոկրատները, սկսում է արդեն կոնսպիրոլոգիայի հոտ ունեցող դատողություններ անել առ այն, որ Քոքոբելյանը ԱՄՆ հետ հարաբերությունների մոխրագույն կարդինալն է, իսկ Արզումանյանը Չուբայսի մարդն է, որն իր հերթին նույն կարդինալային գործառույթն ունի ՌԴ-ում։ Զարգացնելով այս գիծը՝ թերթը հիշում է, որ ժամանակին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ուզում էր պռոամերիկյան մի հակակշիռ ստեղծել Հայաստանում, որը հիմնված կլիներ արտգործնախարարական եռյակի՝ Օսկանյանի, Րաֆֆու և Արզումանյանի դաշինքի վրա, բայց քանի որ Քոչարյանը չէր սիրում յանկիներին, նա թույլ չտվեց Օսկանյանին, որպեսզի նա խառնվի այս խաղին...
Ամփոփելով կարելի է եզրակացնել, որ մեզ ուզում են հավատացնել, որ Բագրատյանը կարող է դառնալ Ամերիկյան «ագենտների» համախմբող կենտրոնը և Արևմուտքի թեկնածուն... Ավելի քան համոզված եմ, որ սա կեղծ թեզ է և հիշեցնում է էպոսագետին իրանական ագենտ ներկայացնելու փորձին։ Անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ ունեն առանձին քաղաքական գործիչներ ու միավորումներ ԱՄՆ պետդեպարտամենտի հետ, ԱՄՆ-ը երբեք շեշտը չի դնում քաղաքական դաշտի մանրաձկների վրա, եթե ամբողջությամբ չի ղեկավարում քաղաքական մթնոլորտը տվյալ երկրում, առավել ևս, երբ ամենամեծ ձուկը ինքն է իր ողջ պաշտոնավարման ընթացքում հաճելի ռևերանսներ ու արևմտամետ քաղաքական կուրս վարել։
Կից նյութն`այստեղ