Միայն ինը մուսաներ թվելով մենք վիրավորում ենք Սաֆոյին:
Նրա մեջ պետք է տեսնել տասներորդ մուսային...
Պլատոն
Այս հոդվածը ցանկացա նվիրել անտիկ մեծանուն բանաստեղծուհի Սաֆոյին (Ք.ա. 630-570թթ.) հետևյալ պատճառներով՝ նախ, այս բանաստեղծուհու երկերը բացառիկ արժեք ունեն իրենց հորինվածքով, երկրորդ՝ Սաֆոն մեծ ազդեցություն է գործել հետսոկրատյան շրջանի մտածողների վրա և վերջապես, կարիք կա քննելու, թե արդյոք իրակա՞ն է նրա անձի շուրջ հյուսված լեսբուհու կերպարը:
Սաֆոն գրում էր իր բանաստեղծությունները և հիմները էոլական բարբառով, ժամանակի տաղաչափության մեջ ներմուծելով հանգավորման նոր կանոններ (տաղաչափության մեջ այս ոճը հայտնի է «սաֆոյական բանաստեղծություն» անվամբ): Սաֆոյի երկերը անմիջապես մեծ ճանաչում ձեռք բերեցին և արժանացան ժամանակակիցների հիացմունքին: Պատմում են, որ երբ Աթենքի օրենսդիր Սոլոնը իր զարմիկից լսում է Սաֆոյի խնջույքի երգերից մեկը, ցանկանում է անմիջապես սովորել այն, ասելով. «Չէի ցանկանա մահանալ՝ առանց սովորելու այս երգը»: Սոկրատեսն համարում էր Սաֆոյին «սիրո գիտության» մեջ իր ուսուցիչը, Ստրաբոնը նրան «հրաշք» է անվանում և պնդում, որ պատմության մեջ անիմաստ է փնտրել մեկ այլ կնոջ, ով կկարողանար գեթ հեռավոր համեմատության մեջ դրվել նրա հետ, իսկ անտիկ շրջանի հունական պոեզիայի գիտակներ Դիոնիսիոս Հալիկառնացին, Կատուլլոսը և Հորացիոսը Սաֆոյին համարում են բանաստեղծական նոր դարաշրջանի հիմնադիր: Այնուամենայնիվ, Սաֆոյի ժառանգությունը դարեր անց մոռացվեց... էոլական բարբառը խրթին էր, հռոմեական իշխանության տարիներին երկերն գնալով ավելի քիչ էին կրկնօրինակվում, միջնադարում Սաֆոյի ժառանգության ուսումնասիրումը դուրս մնաց ակադեմիական ծրագրից, և արդեն XII դարում նրա երկերը կորսված էին համարվում: Ողջ բանաստեղծական ժառանգությունից մեզ պատառիկներ են հասել անտիկ հեղինակների մեջբերումների տեսքով, ինչպես նաև եգիպտական պապիրուսների շնորհիվ:
Ինչ վերաբերում է Սաֆոյին վերագրվող լեսբուհու սեռական կողմնորոշմանը, կարծում եմ, որ սա անհիմն պնդում է և թյուրիմացություն: Հայտնի է, որ ողջ էոլական տարածաշրջանում և, մասնավորապես, Լեսբոս կղզում կանայք բավական բարձր սոցիալական կարգավիճակ ունեին և նրանց շնորհվում էին տղամարդկանց համահավասար արտոնություններ: Ինչ խոսք, անտիկ Հունաստանում լեսբուհիներն ու արվամոլները հազվագյուտ չէին և հանդուրժվում էին հասարակության կողմից, բայց սա ամենևին չի վերաբերում Սաֆոյին: Ինչպես գիտենք, վեց տարեկան հասակում որբացած Սաֆոյին ուղարկել են հետերաների դպրոց (հետերաները ուսյալ և բարձրաշխարհիկ կանայք էին անտիկ հասարակության մեջ): Սաֆոն ամուսնացել է ազնվական Կերկիլասի հետ և ծնել իր Կլեիդա դստերը: Լեսբոս կղզում այդ ժամանակաշրջանում գործում էին կանանց փակ խմբակներ (ֆիասներ), որոնք նվիրված էին սիրո աստվածուհի Աֆրոդիտեի պաշտամունքին և ուր ամուսնության էին պատրաստում երիտասարդ աղջիկներին: Սաֆոյի կենսագրականից հստակ երևում է, որ նա գլխավորում էր նման մի խմբակ, որտեղ երգեցողություն, պար և տաղաչափություն էր դասավանդում իր սաներին:
Բանաստեղծություններում առկա էրոտիզմը հասցեագրված է հավասարապես և՛ կանանց, և՛ տղամարդկանց, բայց վեր է մարմնականից և կոպտությունից, Սաֆոյի համար սերը օդում թևածող, եթերային զգացմունք է, հիացում ամեն տեսակ գեղեցկությամբ, և այս բանաստեղծությունները բնավ նրան լեսբուհի համարելու հիմք չեն տալիս: Նման հուզական բովանդակությամբ բանաստեղծություններ հեղինակել են նաև Պինդարոսը և Ալկեասը: Ընդսմին Սաֆոյի անունը սկսել է կապվել կանանց համասեռամոլության հետ միայն 19-րդ դարից՝ անգլիացի հեղինակների և թարգմանիչների կողմից: Սաֆոյի սիրո բնույթի մասին սպառիչ պարզաբանում է տալիս III դարի փիլիսոփա Մաքսիմոս Տյուրոսացին. «Լեսբոսի բնակիչ այս կնոջ սերը այլ կերպ անհնար է անվանել՝ այն հիշեցնում է Սոկրատեսի սիրո արվեստը: Նրանք սերը յուրովի էին հասկանում, սիրում էին շատերին և հիանում գեղեցիկի բոլոր դրսևորումներով: Ինչպես որ Սոկրատեսի համար սիրելի էին Ֆեդրոսը, Տիմեոսը և Կրիտիասը, այնպես էլ Սաֆոն սիրում էր Իրինային, Ատտիդային և Անակտորիային...»: Հասկանալի է դառնում, որ այս սերը բնավ էլ մարմնական չէր, այլ իրենից վեհ, նուրբ և փիլիսոփայական ապրում էր ներկայացնում:
Հուսով եմ՝ կարողացա ձեր մտապատկերում հստակ գծագրել մեծանուն բանաստեղծուհու կերպարը և այսուհետ սխալ զուգորդումներ չեն կատարվի: Իբրև վերջաբան բերում եմ մի քանի տող Սաֆոյի ձոնից: Նկատեք՝ այն վերնագրված է «Իմ սիրուհուն», բայց այստեղ երանի է տրվում այն տղամարդուն, ով կարժանանա այդ օրիորդի սիրուն.
Երանությամբ հավասար է աստվածներին նա՝
Ում վիճակվել է լինել քո կողքին,
Ունկնդրել թովիչ խոսքերը քո,
Եվ տեսնել քեզ՝ հալչելով քո հմայքից:
Արդ քո շուրթերից դեպի շուրթերը նրա նորաբողբոջ ժպիտ թող թռչի...
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2013/01/blog-post_10.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել